Հարկային օրենսգիրքը արտահանման վրա շահութահարկի 20 տոկոս բեռ է դնում: Եթե 40 մլրդ դրամ շեմն անցնում ես' 5 տոկոս, 50 մլրդի դեպքում' 2 տոկոս:
Սա, եթե համարենք, որ Հարկային օրենսգիրքը տնտեսական ուղերձների ժողովածու է, նշանակում է, որ մեր պետությունն ասում է.
«Հարգելի գործարար, եթե դու 8 կամ 10 միլիոն դոլարի ապրանք ես արտահանում' մենք քեզ շատ ենք սիրում, բայց, եթե մինչև 8 միլիոն ես արտահանում' կներես, դա մեզ հետաքրքիր չի»:
Գործնականում սա նշանակում է, որ մեր պետությունը «սիրում է» մի քանի տասնյակ ֆիրմաների: Ընդ որում, ի հեճուկս հնչող հայտարարությունների, հատկապես «սիրելաբան» են մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները: Ինչու՞. որովհետև, ասենք միջին չափի պահածոների գործարանը կամ միջին չափի կոշիկի ցեխը որևէ շանս չունի պետության «սերը վայելելու» մրցավազքում առաջ անցնել մետալուրգներից:
Հակադարձ ուղերձներին անդրադառնալով տեսնենք ի՞նչ են ասում միջին չափի կոշիկի ցեխն ու մետաղաձուլական հսկան Հայաստանի Հանրապետությանը: Բայց նախ արձանագրենք, որ ապրանք արտահանել' նշանակում է դրսի փողով պահել սեփական ժողովրդին, իսկ ապրանք ներկրել' սեփական փողով պահել այլ երկրի ժողովրդի:
Մետաղաձուլական հսկան ասում է «Գիտե՞ս եղբայր, կան ժողովուրդներ, որոնք ուզում են գնել քո ընդերքը: Դա կարող է վնաս տալ քո բնությանը, առողջությանը: Այդ ամենի բեռը ես թողնում եմ քո վրա, որովհետև չեմ պատրաստվում որևէ մեկից ավելի շատ հարկ վճարել: Եվ, ամենակարևորը, սա ժամանակավոր է, սրա վրա տնտեսության այլ ճյուղեր զարգացնել դժվար թե ստացվի, որովհետև մետալուրգիան սպեցիֆիկ համալիր է: Իմ գործունեության արդյունքում դու կունենաս մոտ մեկ տասնյակ հարուստներ, մի քանի հարյուր աղքատ ու հիվանդ գործազուրկ-մետալուրգներ»:
Միջին չափի կոշիկի ցեխն ասում է. «դե ես կսկսեմ մոտ մեկ տասնյակ աշխատատեղից, աշակերտներ կպատրաստեմ, որ որակ տամ: Կպահեմ կաշեգործի ու անասնաբույծի ընտանիքը, երկու-երեք դիզայներ կվարձեմ... սա քանի գնա զարգանալու է ու մեծանալու, ես գործնականում հավերժ եմ ու մարդկանց տալիս եմ սոցիալական երաշխիքներ' չպատճառելով ոչ մի վնաս: Իմ գործունեության վերջնարդյունքում դու կունենաս միջին խավ»:
Մեր պետությունը առաջինին ասում է «սիրում եմ», իսկ երկրորդին' «կներես, դու ավելի լավին ես արժանի»:
Հիմա սա ինչու՞ եմ հիշել: Այսօր մեկը հայտարարել է, որ մենք լավ չենք ապրում, որովհետև մարդիկ չեն աշխատում: Ես հույս ունեմ, որ այդ մարդիկ, որոնք չեն աշխատում' հարկային օրենսգրքի քաղաքական պատասխանատուները չեն: Որովհետև մինիմում անաշխատունակ վաշխառուն իրեն թույլ կտա գերանը կոտրել միջին խավի ողնաշարին ու ասել, որ 350 հազար մարդ 800 հազարին չի կարող պահել: