Վարդուհի Մազմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երկար է խոսվել այն մասին, որ Հայաստանը հարուստ երկիր չէ և ներդրողների համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, բայց Հայաստանը ունի այնպիսի զավակներ, ում գործունեությունը, ունեցած հարգանքը և վստահությունը փոխարինում է ցանկացած այլ բնական հարստության:
Ինչպես Հայտնի է, Հայաստանում է գտնվում Քուվեյթի թագաժառանգ՝ շեյխ Ալ Սաբահը, ով Հայաստանում է Գագիկ Ծառուկյանի հրավերով և այցի հիմնական նպատակը ներդրումային ծրագրեր իրականացնելն է: Արաբական աշխարհի ունեցած միլիարդավոր կապիտալի մասին հայտնի է բոլորին, որոնք ներդրումների տեսքով ուղղվում են տարբեր երկրներ և ահա Գագիկ Ծառուկյանի ջանքերով, Հայաստանի պատմության մեջ, ամենամեծ ներդրումներն են իրականացվելու: Հաշվի առնելով նավթի վաճառքից ստացվող միլիարդավոր դոլարների եկամուտը, արաբական շեյխերի հնարավորությունները անսահմանափակ են և Ալ Սաբահը այնպիսի վստահություն ունի Գագիկ Ծառուկյանի հանդեպ, որ պատրաստ է իրականություն դարձնել Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած ցանկացած ծրագիր: Առաջին խոշոր ծրագրի մեկնարկը արդեն իսկ տրված է, դա Երևանի կենտրոնում հինգ աստղանի հյուրանոցի կառուցումն է, որի նմանը պարզապես չկա Երևանում, ինչը տուրիզմի տեսանկյունից խոստումնալից է: Հաջորդ խոշոր ներդրումային ծրագիրը մետաղների արտադրությամբ զբաղվող սիլիցիումի գործարանն է, որի համար ներդրվելու է մեկ միլիարդ դոլար, այն պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում և կստեղծի երեք հազար նոր աշխատատեղ: Եվ սա դեռ սկիզբն է միայն:
Այո, Հայաստանում չկա նավթ, գազ կամ այլ բնական հարստություն, սակայն հայ ժողովրդի ընտրյալ զավակների՝ ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է, ունեցած անձնական հեղինակությունը կոմպեսացնում է ցանկացած տնտեսական շրջափակում»: