Զինհաշմանդամ Ալբերտ Դալլաքյանի մայրը՝ Արմինե Ղազարյանը գրում է․
Արմեն Մուրադյանն առաջին օրվանից հարազատ եղբոր, հոր պես կանգնած է եղել մեր ընտանիքի կողքին: Մինչ բոլոր պաշտոնյաները ասում էին, որ օրենքը իրենց թույլ չի տալիս օգնել մեզ, այս մարդը ուղիղ 2 տարի պահեց մեզ: Ջնջեց բոլոր օրենքները ու օգնեց: Այն ամենն ինչ ինքն է արել իմ և իմ նման հարյուրավոր մայրերի համար միայն մենք գիտենք: Ամեն գործ թողում ու գալիս էր մեզ մոտ, երբ ասում էին, որ Ալբերտը լավ չէ: Զրուցում էր,ուժ տալիս:
Այսօր առողջապահության նախարարի ասուլիսը տեսա: Նախարար, որ բացի գրավոր մերժումից որևէ այլ բան չի արել տղայիս ու իր նման հարյուրավոր տղաների համար: Մինչ Ալբերտն անվճար սովորում էր տնտեսագիտական համալսարանում: Դիմում գրեց, կամավոր տարկետում վերցրեց ու եկավ պաշտպանելու հայրենիք: Այսօր նախարար համարվող այս մարդն անգամ դեղորայքի հարցը չի օգնում լուծենք ու իր ասուլիսի ժամանակ առանց խորանալու ասում է, մենք չենք տրամադրում դեղորայք:
Մենք ամուր կանգնած ենք Արմեն Մուրադյանի կողքին, ինչպես ինքը՝ մեր կողիքն: Նաև նշեմ, որ երբ մեր տղաները ուզում էին ցույց անել կամ բողոքել իր համար վարչապետին, ամիսներ շարունակ Արմեն Մուրադյանն էր զսպում, ասելով որ նոր նշանակված մարդ է, ժամանակ է պետք, որ մարդը կարողանա հարցերը կարգավորել: Այժմ ինքս էլ պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր նախարարությունների մեջ ամենաիներտ նախարարությունն է, որը ոչ մի կաթիլ սրտացավություն կամ պատասխանատվություն չի զգում մեր վիրավոր տղաների համար:
Հարգելի պարոն Թորոսյան, քանի՞ անգամ եք ինձ ընդունել, քանի՞ անգամ եք Ալբերտիս հարցով զբաղվել: Տեղյա՞կ եք, որ մենք կանք։
Այսօր խոսում էիք ինքնավստահ, մեղադրանքներ էիք հնչեցնում, եկեք զբաղվեք որդուս խնդիրներով, կարող եմ հրապարակել նամակաները, որոնք չոր ու ցամաք մերժել եք:
Որոշել ենք, ասուլիս ենք անելու ծնողներով, որ խնդրենք ձեզ զբաղվեք մեր հերոս տղաների առողջական խնդիրներով, որ հանկարծ ձեր զբաղված օրակարգի պատճառով ճակատագրական հետևանքներ չգրանցվեն:
Ի դեպ, որևէ նախարարի պաշտոնավարման ընթացքում նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր չի գրանցվել: