Հակառակ Վրաստանի տիրակալ Բիձինա Իվանիշվիլիյի պնդումներին, որ իշխանական թեկնածու նախկին արտգործ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին կհաղթի հենց առաջին փուլում, Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Երկրորդ փուլ են անցել երկրի երկու նախկին արտաքին գործերի նախարարները՝ Սալոմե Զուրաբիշվիլին, և Սահակաշվիլիյի Միացյալ Ազգային Շարժում կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:


Ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը գրաված վրացական խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն ընդունել է իր պարտությունը, և հայտարարել, որ ընտրությունների երկրորդ փուլում կսատարի իր նախկին կուսակից Գրիգոլ Վաշաձեին:
Բաքրաձեն ժամանակին Սահակաշվիլիյի Միացյալ ազգային շարժում կուսակցության կարկառուն դեմքերից էր, սակայն հետագայում Սահակաշվիլիյի աքսորի պայմաններում առանձնացավ մայր կուսակցությունից և ստեղծեց փոքր, ինչ որ առումով մարգինալ "Եվրոպական Վրաստան" կուսակցությունը:


Ընտրությունների առանձնահատկությունը այն է, որ սա վրացական նախագահի վերջին ուղղակի ընտրություններն են: Նախագահը ունի համաներման իրավունք և ընդդիմադիր թեկնածու Վաշաձեն հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում անմիջապես համաներում կհայտարարի Սահակաշվիլիյի նկատմամբ, իսկ Սահակաշվիլին էլ իր հերթին հայտարարել է, որ Վաշաձեի հաղթանակի դեպքում կվերադառնա հայրենիք և կիրականացնի երկրորդ հեղափոխությունը, ինչի շանսերը իմ կարծիքով բավականին ռեալ են!

UPDATE:
Առաջին փուլում ԿԸՀ տվյալներով հետեւյալ պատկերն է.
Սալոմե Զուրաբիշվիլի' 40.05%
Գրիգոլ Վաշաձե' 37.93%
Դավիթ Բաքրաձե' 10.38%