Այսօր համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավտոմեքենաների վրայից հավաքում երեկվա անձրևի ու քամու հետևանքով ծառերից պոկված ճյուղերը։ Էժանագին PR-ն ինձ միանգամից հիշեցրեց Երևանի մեկ այլ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։
Հիշո՞ւմ եք, նա էլ տարիներ առաջ իբրև թե օգնել էր մի ընտանիքի՝ մեքենան դուրս բերել ձների միջից։ Դե ուղղակիորեն չէր օգնել, այլ կողքիններին ուղղորդում էր, թե ոնց անեն։ Հիմա էլ Հայկոն։ Գնացել մի մեքենայի վրայից մի ճյուղ է վերցրել ու արդեն մի հիացմունք, մի պաթոս։
Պարոն Մարության, որ փորձում եք ժողովրդին մոտ լինել, դա վատ չէ, բայց երբ այդ ամենն անում եք էժան միջոցներով, դա շատ վատ է։ Պարտադիր չէ անձամբ դուրս գալ ու հավաքարարություն անել։ Ավելի պրոֆեսիոնալ կլինի, եթե ձեր ղեկավարած կառույցն այնպես աշխատի, որ անձրևից ու քամուց հաշված ժամեր հետո այդ ամենի հետքն անգամ չերևա։
Թե չէ եկել, մի 2 ճյուղ հավաքում եք, ուզում եք ցույց տալ, թե ինչ մտահոգ եք։ Ձեզ տրված է վարչապետից հետո թերևս ամենամեծ ենթակառուցվածքներն ու ֆինանսական միջոցներն ունեցող գերատեսչությունը։ Փոխարենն այնպես կազմակերպեք, որ այդ գերատեսչությունում աշխատող ու այդ ամենի համար պատասխանատու մարդիկ իրենց գործը պատշաճ կերպով անեն, այնպես աշխատեն, որ փողոցները լճեր չդառնան անձրևներից հետո, իսկ աղբն էլ ժամանակին հեռացվի փողոցներից։
Հուսանք հաջորդ նմանատիպ դեպքերում չենք տեսնի Ձեզ, փոխարենը կտեսնենք Ձեր արած գործն ու դրա արդյունքը։