ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնի՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա ընդգծում է, թե Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», կողմնակի ցուցիչ է առ այն, որ բանակցությունների ընթացքում պաշտոնական Երևանը ոչ միայն ընդունելի չի համարել ամերիկյան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապված խնդիրներում, այլ նաև ընդգծել է հայ-իրանական սահմանի կարևորությունը, ինչը լուրջ քայլ է նաև իրանական կողմի ընկալումներում մեր երկրի՝ վստահելի գործընկերոջ չափազանց թանկ արժեցող վարկը պահպանելու առումով։
Նույնը միանշանակորեն չի կարելի պնդել Ադրբեջանի դեպքում, որտեղ անցկացրած բանակցություններից հետո, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ջ․ Բոլթոնը դրանք գնահատել է «արդյունավետ» հստակ եզրույթով՝ հատուկ մատնանշելով, որ Ի․ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վարվել են «ինտենսիվ բանակցություններ՝ այդ թվում Իրանի խնդրով», որոնց ընթացքում քննարկվել են «Իրանին զսպելու քայլեր»։
Նման հայտարարություններից գրեթե միանաշնակորեն կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ին հաջողվել է ստանալ Բաքվի վարչակարգի գրեթե լիակատար աջակցությունն Իրանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների համատեքստում, ինչից առաջին հերթին պետք է հետևությունների հանգեն հենց Թեհրանում՝ հատկապես նախագահ Հ․ Ռուհանիի քաղաքական թիմի այն թևում, որտեղ, ցավոք, հերթական անգամ պատրանքներ կային Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ: