Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, սակայն հասարակության ուշադրությունը հիմնականում սևեռված էր 4 քաղաքների՝ Էջմիածնի, Հրազդանի, Կապանի և Արմավիրի հայմայնքապետերի ընտրություններին:
Ինչպես և վերջերս կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, այս անգամ ևս ընտրողները պասիվություն ցուցաբերեցին՝ բացառությամբ արմավիրցիների:
Չորս քաղաքներից երեքում՝ Էջմիածնում, Արմավիրում և Հրազդանում, հաղթանակ տարան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները: ՔՊ-ի թեկնածուին «ոչ» ասացին Սյունիքի մարզկենտրոնի ընտրողները:
Շատ է խովում ընտրողների պասիվության մասին: Այսպես, եթե 2016 թ․-ի ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններին 44438 ընտրողից մասնակցել է 24861-ը, ապա այժմ մասնակիցների թիվը, եթե համեմատենք ներկայիս ընտրացուցակներում գրանցված ընտրողների թվաքանակի հետ, մոտ 8100-վ նվազել է: 2016 թ․-ի սեպտեմբերի 18-ին Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին գրանցված 44489 ընտրողից ընտրություններին մասնակցել էր 16045-ը: Այս անգամ ընտրողների թիվը մոտ 200-ով նվազել է:
Այլ պատկեր է Կապանում և Արմավիրում: 2017 թ․-ի նոյեմբերի 5-ին Կապանի քաղաքապետի ընտրություններին գրանցված 35024 ընտրողից համայնքապետի ընտրություններին մասնակցել էր 18713-ը, իսկ այժմ մոտ 800-ով ավել՝ 19503 մարդ: Կապանում ընտրողների թվի աճը հիմնականում պայմանավորված է Կապանի «խոշորացման» հետ, որի արդյունքում քաղաքին են միացվել հարևան մի շարք բնակավայրեր: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է փաստել, որ կապանցիների ակտիվությունը պայմանավորված է արվարձաններով: Ընտրողների թվի աճ՝ մոտ 500, գրանցվել է Արմավիրում: Եթե 2015թ․-ի մարտի 15-ին մարզկենտրոնի համայնքապետի ընտրություններին 28421 ընտրողներից մասնակցել էր 9426-ը, ապա այժմ մասնակիցների թիվը կազմում է 9937:
4 քաղաքներում տեղի ունեցած համայնքապետերի ընտրությունների արդյունքում հաշիվը 3-1 է՝ հոգուտ Փաշինյանի, իսկ ընդհանրացնելով Հայաստանի 5 քաղաքներում՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում, Հրազդանում և Կապանում Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ընտրությունների արդյունքները՝ ստացվում է 4-1՝ հօգուտ Փաշինյանի:
ՀԳ. ՔՊ-ի կապանյան ֆիասկոն լուրջ մտորումների պատճառ պետք է դառնա Փաշինյանի համար: Դեկտեմբերին սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանը պետք է շատ լուրջ մտածի իր ցուցակի մասին, հատկապես իշխանությունների մարզային ներկայացուցիչների՝ ««ՔՊ»-ում ում էլ դնեն, ցուցակով կանցնի», քանի որ «Փաշինյանի թիմից է» ֆորմուլան Կապանում ձախողվեց:
Իսկ ավելի գլոբալ, ի տարբերություն նախորդ իշխանությունների օրոք կազմակերպված ընտրությունների, Կապանն ապացուցեց, որ հենց ժողովրդի մեծամասնությունն է ընտրում իր քաղաքապետին: Հենց սա է ժողովրդավարությունը: