Բազմիցս նշել եմ, որ իրանցիների համար նշանաբանությունը և խոսքային կամ գործնական մակարդակում անուղղակի նշանների կամ ուղերձների փոխանակումը չափազանց արդիական և, ըստ էության, աշխարհայացքային կարևորագույն բաղադրիչ է։
Կասկած չկա, որ Իրանը խիստ շահագրգռված է Հայաստանի տարածքով տարանցման միջոցով դեպի Սև ծով ելքի ապահովման հնարավորությամբ և բազմաթիվ՝ նույնիսկ ուղղակի պատգամներ է փոխանցել իր այս շահագրգռությունը հասկացնել տալու համար։
Հաշվի առնելով սա, չափազանց կարևոր է, որպեսզի Երևանից ևս Թեհրանին փոխանցվի պատասխան ուղերձ առ այն, որ հայկական կողմը ընկալում է իրեն հղվող ազդանշանները և դրանք համարելով դրական՝ պատրաստ է գործնական քայեր ձեռնարկել
Որպես Հայաստանից նման ուղերձների ընկալման և դրանց ուղղությամբ աշխատելու պատրաստակամության հստակ ցուցիչ կարող է դիտարկվել, դիցուք, Հյուսիս-Հարավ ճեպուղու թեկուզ կարճ մի հատվածի շինարարության մեկնարկի ազդարարումը հայ-իրանական սահմանից դեպի Մեղրի, ինչը կարող է լրջագույն խթան դառնալ նաև իրանական կողմին այդ ծրագրում ներգրավելու հեռանկարի առումով: