Փաստաբան Արայիկ Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ի գիտություն մեր ժողովրդին և Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլի) հոկտեմբերի 13-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցած հոգեհանգիստի կազմակերպման մասին:
Որպես Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի անդամ՝ երեկ, հոկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ից սկսած փորձել եմ կապ հաստատել ՀՀ ոստիկանության որևէ պաշտոնատար անձի հետ, խնդրելու ժամանակավորապես, ժամը 17:30-ից մինչև ժամը 22:30-ը, սահմանափակել կամ փակել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող Պարոնյան փողոցի մի հատվածը:
Քանի որ հեռախոսազանգերը մնացին անպատասխան, իսկ հոգեհանգիստն սկսելուց առաջ փողոցի նշված հատվածում տրանսպարտային միջոցների մեծաքանակ լինելու պատճառով առաջացել էր խցանում, մոտեցել եմ ՀՀ Վարչապետի նստավայրի մոտ հերթապահող ճանապարհային ոստիկանության աշխատակցին և բանավոր փոխանցել Հանձնաժողովի խնդրանքը: Զանգահարել եմ ոստիկանի տրամադրած ոստիկանության հեռախոսահամարով, ներկայացրել իրավիճակը և մեր խնդրանքը: Ի պատասխան հայտնել են, որ կքննարկեն՝ ճանապարհի այդ հատվածը փակելու կամ երթևեկությունը կարգավորելու հարցը:
Առաջացած դժվարությունների համար հայցում ենք երևանցիների ներողամտությունը:
Տեղեկացնում ենք, որ այսօր, ժամը 13:00-ից մինչև ժամը 14:00-ն Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Կարգի արարողություն, որի ընթացքում երկկողմանի փակ կլինի Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկից մինչև Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկը, իսկ ժամը 14:00-ից հուղարկավորության թափորը Սուրբ Հովհաննես եկեղեցուց կշարժվի Եռաբլուր, և այդ ընթացքում միակողմանի կփակվեն Պարոնյան-Մաշտոց-Հաղթանակի կամուրջ-Իսակով փողոցները»: