Ինչի համար են խորհրդարանական ընտրությունները ու ինչ է ենթադրում համամասնական ընտրություններով ձևավորված կառավարման համակարգը:
Դա նշանակում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է կուսակցություններին, որոնք ներկայացնում են զարգացման ճանապարհներ, իսկ ժողովուրդը նրանց ասում է այո, կամ ոչ: Նրանցից ով ամենաշատը ԱՅՈ է ստանում, նա էլ մոտակա 5 տարվա ընթացքում կառավարում է երկիրը, իսկ մնացածները քննադատում են:
Հիմա այս պարզ սխեման մտքում պահելով փորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչ վիճակ է տիրում:
Նախկինները ուզուրպացրել էին իշխանությունը և երկրի ռեսուրսները օգտագործում էին իրենց նեղ խմբակային շահերի համար: Դա ավազակապետության բովանդակությունն էր: 2016-ի ապրիլյան պատերազմի հետևանքով նրանք կորցրեցին իրենց լեգիտիմության վերջին փշրանքներն' անգամ անվտանգությունը չէին կարող ապահովել: Դա վերջի սկիզբն էր: Վերջը այս տարվա ապրիլն էր:
Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, թե ինչ ենք անելու ու ոնց ենք ապրելու:
Իշխանությունը պատկանում է կուսակցություններին ու չկա համապետական ընտրություններով ընտրվող նախագահ, որն արտակարգ իրավիճակներում կայունության երաշխավորը լիներ:
Կուսակցական համակարգը փլուզված է: Դա լրջագույն քաղաքական ու պետական ճգնաժամ է ենթադրում: Չկան վստահություն ունեցեղ կուսակցություններ, չկան և ապագայի նախագծեր:
Ցիկլը փակվել է մեկ անձի վրա, որի շուրջը համախմբվել են տարբեր մարդիկ, տարբեր նպատակներով: ՔՊ-ն գնալու է ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի ճանապարհով, որովհետև նրանց նման կառուցվել է իշխանության շուրջը և հանուն իշխանության: Դա մեղադրանք չէ, ուղղակի փաստ է:
Քաղաքական ճգնաժամի պայմաններում մենք զարգացման քաղաքական նախագիծ չենք ընտրելու, այլ ընտրելու ենք անձ, որն իր նախագիծը հանրությանը չի առաջարկել և բնականաբար նրա շուրջը հավաքված մարդիկ այդ չեղած գաղափարի ու չեղած նախագծի համար չեն նրա շուրջը համախմբվել: Սա փակ աչքերով ընտրություն է լինելու' այսինքն ընտրելու ենք ընտրության բացակայության պայմաններում' շատերը հանուն Հույսի, քչերն ավելի շոշափելի պառճառներով:
Հիմա սկսելու են հարցնել, թե բա սա ինչի համար ես գրում ու ինչ ես առաջարկում: Ոչինչ էլ չեմ առաջարկում, իրավիճակն եմ նկարագրում:
2017-ի ընտրություններից հետո ընթադրել եմ և դա կարելի է գտնել կայքերում, որ այս խորհրդարանը ժամանակավոր է և որ իշխանությունը ընտրություններով չի փոխվելու: Դա կանխատեսում չէր, այլ դեպքերի զարգացման տրամաբանությունը ընկալելու փորձ: Հիմա էլ կարծես նմանատիպ վիճակ է: Այն խորհրդարանը, որը շուտով ընտրելու ենք, նույնպես, ըստ այդ տրամաբանության, պետք է ժամանակավոր լինի:
Հանրային վստահություն ունեցող կուսակցություններ երբ ձևավորվեն, մենք խորհրդարանական ճգնաժամ կունենանք, որովհետև ռեալ կուսակցությունները խորհրդարանից դուրս են լինելու, իսկ ներսում կառավարող նոմենկլատուր է ներկայացված լինելու: Հակասությունների շատ սրման պարագայում այլ ելք չի մնա, քան խորհրդարանի ցրումը, որովհետև իրավիճակը էլի փոփոխված կլինի, իսկ ժամանակը սկսել է արագ պտտվել: