Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում մատուցվել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնում է Le Figaro-ն, մամուլի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մոտենալ եկեղեցուն: Հոգեհանգստի կարգին ներկա են եղել երգչի բարեկամները և ամենամտերիմ ընկերները:
Երգչի բազմաթիվ երկրպագուներ նույնպես այցելել են եկեղեցի՝ հարգանքի վերջին տուրքը մատուցելու երգչին, սակայն նրանց նույնպես ներս չեն թողել:
Թաղման թափորը եկեղեցուց ուղևորվելու է Փարիզի արևմուտքում գտնվող Մոնֆոր Լ՛Ամորի համայնք, որտեղ էլ հուղարկավորվելու է շանսոնյեն:
Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ Հայաստանում այսօր սգո օր է հայտարարված: Երկրի դրոշները խոնարհված են, և եկեղեցիները հոգեհանգստի կարգ են մատուցում` ի հիշատակ երգչի:
Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի oրը Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում թոքերի այտուցից առաջացած սրտի և շնչառական խնդիրների հետևանքով:
Փարիզի կենտրոնում գտնվող պատմական Հաշմանդամների տանը երեկ տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հրաժեշտի ազգային արարողությունը, որի ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի անդամներ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը և այլ հայտնիներ:
Հրաժեշտի արարողությունն ուղիղ եթերով հեռարձակվել է ֆրանսիական հինգ հեռուստաալիքներով: