Ազնավուրի կնոջը' Ուլլա Թորսելին, վերջին երեսուն տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ: Երգչի հիսուն տարվա կինը միշտ նախընտրում էր մնալ ստվերում. նրան չէր ուղեկցում շրջագայությունների ժամանակ, բարձրաշխարհիկ երեկույթների չէր գնում... Շառլի պատմելով, Ուլլան միշտ ասում էր' քե’զ հետ եմ ամուսնացել, ոչ թե քո մասնագիտության: Կատակում էր, թե շանսոնը Ազնավուրի սիրուհին է...
2005 թ.-ին Մոսկվայում հենց հարցարզրույցի ընթացքում Ուլլայից զանգ ստացավ.
- Տիկին Ազնավուրն է, միշտ պետք է իմանա' որտեղ եմ, ինչպես եմ ինձ զգում: Անհանգիստ է ինձ համար,- ասաց Ազնավուրը համարյա Մուրադի հպարտությամբ:
Ակնարկեցի ուրիշ կանանց հետ սիրային հնարավոր արկածների մասին: Իսկ նա, թե' երբ մարդ ամուսնացած է եւ հաջող է ամուսնացած ուրիշ կանայք չկան:
Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից' շվեդուհուց, շատ բան է սովորել, մասնավորապես, հանդուրժողականություն: Ասում էր' նա ուրիշ' ավելի խիստ մշակույթի կրող է եւ կարողացավ կարգի հրավիրել ինձ, ճիշտ ուղի ցույց տալ:
Ազնավուրը կնոջը նվիրված մի շատ գեղեցիկ երգ ունի, որը մնացել է ստվերում, ինչպես Ուլլան…