Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիևը:
Նա նաև անդրադարձել է Դուշանբեում Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցին' նշելով, որ այն տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ: «Դա վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, դրանք տարվում են հենց Ադրբեջանի և Հայաստանի միջև' որպես հակամարտության կողմերի»,- նշել է Հաջիևը:
Ադրբեջանը հերթական անգամ վերահաստատեց այն դիրքորոշումը, որն առկա էր բանակցային գործընթացում վերջին տարիների ընթացքում'Բաքուն չի ճանաչում Ղարաբաղը, որպես բանակցության կողմ ու չի պատրաստվում բանակցային սեղանի շուրջ նստել Ստեփանակերտի հետ:
Հայաստան-Ադրբեջան ձևաչափով բանակցություններն են միակն ֆորմատը, որի պարագայում Ալիևը բանակցությունների է ժամանելու: ՀՀ-ի իշխանությունների այն հայտարարությունները, որ բանակցային սեղանի շուրջ պետք է վերադառնա Արցախն այսպես էլ մնացին օդից կախված'Բաքվի համար դա անընդունելի է ու հավանավար Մինսկի խումբն էլ չի պատրաստվում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա այդ հարցում:
Բաքուն շարունակում է պատրաստվել պատերազմի ու պնդում է իր մաքսիմալիստական բանաձևը'«կամ ամբողջ Ղարաբաղը'կամ պատերազմ»:
Հաջիևը կրկին խոսել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հայկական զորքերի առկայության մասին' նշելով, որ հենց դա է հրադադարի խախտման պատճառը, և որ դրա մեղավոր միշտ եղել է հայկական կողմը:
Ադրբեջանը հստակ գծել է այն սահմանները, որի շրջանակներում նրանք պատրաստ են բանակցել'դրանք մադրիդյան սկզբունքների կյանքի կոչումն են'հայկական զորքերի դուրսբերման, ադրբեջանցիների վերադարձման կետերով, իսկ Արցախի ինքնորոշման հարցը, ինչի վրա պնդում են Երևանն ու Ստեփանակերտը, Բաքվի համար առավելագույնս ենթադրում է Ղարաբաղին 1988թ.-ի սահմաններում ինքնավարության կարգավիճակի տրամադրում:
Բաքուն չի պատրաստվում բանակցել Ղարաբաղի հետ, չի պատրաստվում զիջումների գնալ Արցախի կարգավիճակի շուրջ, շարունակում է զինվել ու պատրաստվում լայնածավալ պատերազմի'կրկին անգամ հայերին մեղադրելով օկուպացիայի մեջ:
Ինչ վերաբերվում է Փաշինյան-Ալիև կարճատև հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա Բաքուն բթացնում է հայկական կողմերի'Արցախի ու ՀՀ-ի զգոնությունը, որպեսզի գնա առավել մեծ ռազմական գործողությունների: Ադրբեջանում կայացած զորավարժություններից հետո Բաքուն զորքերը հետ չի քաշել զորամասեր և դրանք պահում է արցախյան ճակատում:
Բարի կամքի դրևորում կլիներ Ադրբեջանի կողմից դիպուկահարների հետքաշումն ու ղարաբաղյան ու հայ-ադրբեջանական սահմաններում հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչը չկա և չի լինելու: Բազմամիլիարդանոց զենքերը գնվում են ոչ թե թանգարաններում պահվելու, այլ Արցախի ու ՀՀ-ի դեմ օգտագործվելու համար:
Հայկական կողմերը պետք է շարունակեն առաջնագծի ամրապնդումը, նորագույն զենքերի գնումը, սեփական ռազմական արդյունաբերության ստեղծումն ու մոբռեսուրսի ակտիվ նախապատրաստումը ռազմական գործողությունների:
Արտյոմ Բալասանով