Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ԵՏՄ հեռանկարների մասին, առաջարկել է հրաժարվել դոլարից ու անցնել ԵՏՄ մեկ միասնական արժույթի:
Հարգելի փոխվարչապետն այսպիսի առաջարկ անելու իրավունք չուներ մի քանի պատճառներով․ նախ՝ առաջինը՝ ՀՀ Կառավարության ծրագրի առանցքը ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելն է և, ինչպես բազմիցս նշել է Փաշինյանը․ ՀՀ-ում դե ֆակտո իրավիճակը դե յուրե հաստատելու հարցը, ոչ թե կառուցակարգային խորը փոփոխություններ անելը Հայաստան-ԵՏՄ տնտեսական քաղաքական հարաբերություններում:
Երկրորդ՝ ՀՀ ներկա և նախկին իշխանավորները բազմաթիվ անգամներ նշել են, որ ԵՏՄ-ն դեռևս իր ամբողջական պոտենցիալը չի իրացրել և կայացվածության մակարդակով դեռևս ճանապարհ պիտի անցնի, որտեղ երկրները դեռ պիտի բազմաթիվ մշակումներ անեն կոնսեսուսային սկզբունքով:
Երրորդ՝ փոխվարչապետը հավանաբար նկատի է ունեցել դրամ-դոլար-ռուբլի-դրամ շղթան կրճատել մեկ օղակով, մեկ փոխարժեքային փոխանակման գործարքով, բայց չկա հրապարակված կամ ներկայացված որևէ տնտեսագիտական հիմնավորում, և այս կառավարության կողմից չկա որդեգրված այդպիսի քաղաքականություն:
Չորրորդ՝ հարգարժան փոխվարչապետ Գրիգորյանը պետք է հասկանա, որ տվյալ դեպքում զուգահեռներ չկան ԵՄ երկրներում գործող եվրոյի միասնական գործադրման հետ, քանի որ ԵՏՄ երկրների քանակը դեռ միտում ունի ավելանալու, որն արդեն նշանակում է, որ ԵՏՄ-ն դեռևս կայացման ճանապարհին է:
Հինգերորդ՝ միասնական արժույթին անցնելու մասին խոսելը վաղ է, չի կարելի դա կիրառել որպես ԵՏՄ կայացման ճանապարհի մեկնարկ, դա կարող է հրապարակ իջեցվել որպես այդ կառույցի կայացման արդյունք:
Վեցերորդ՝ չենք մոռանում նաև ՀՀ ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին:
Հիմա այսպիսի թեմա առաջ բերել ՀՀ ներքաղաքական բազմաբովանդակ զարգացումների փուլում, կարծում եմ, անտեղի է և կարող է լրացուցիչ սրացումների առիթ դառնալ: Նրա այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան առաջարկ՝ հետագայում հրաժարվել ազգային արժույթից, իսկ այսպիսի հարցերը պետք է լուծվեն հանրաքվեով: