Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Վերջինս' որպես վարչապետ, իր առաջին պաշտոնական այցն էր կատարում Հայաստան: Նշենք, որ ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցը եղել է հենց Վրաստան: Թերևս վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը երկուստեք բավական մեծ կարևորություն է տրվում: Չնայած այն հանգամանքին, որ Բախտաձեն առաջին պաշտոնական այցով օգոստոսի 30-ին մեկնել էր Բաքու, այնուամենայնիվ հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ թե այցերի հաջորդականությանը, այլ բովանդակությանն ու արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

 


Եթե դիտարկենք ՀՀ արտաքին քաղաքականության վրացական ուղղությունը, որը մշտապես համարվել է առաջնահերթություն, ապա, չի կարելի հաշվի չնստել այն հանգամանքի հետ, որ երկու երկրների փոխգործակցության ներուժը շարունակում է մնալ ոչ լիովին իրացված: Եվ այս համատեքստում անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ծավալին, որը կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար' Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համակարծիք են, որ այդ ցուցանիշը բավարար չէ, և առկա է մեծ ներուժ' ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար: Մամուկա Բախտաձեն նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրաշրջանառության ծավալը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար և առաջարկել է ՀՀ վարչապետին' տնտեսական թիմերի առջև խնդիր դնել այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերհանելու և դրված նշաձողին հասնելու համար:

 

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը' տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապրանքաշրջանառության աճին և կայունության ապահովմանը: Հայ-վրացական հումանիտար կապերի սերտացման համատեքստում կառավարությունների ղեկավարներ Փաշինյանը և Բախտաձեն կարևորել են շարունակական փոխգործակցությունը մշակութային, կրթական կապերի ամրապնդման, երիտասարդների միջև փոխճանաչելիության բարձրացման ուղղությամբ:
Կողմերն ընդգծել են նաև միջազգային կառույցներում ներգրավվածության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ միմյանց կենսական շահերի հստակ գիտակցմամբ ու հարգմամբ. մի հանգամանք, որ տևական ժամանակ երկկողմ հարաբերություններում որոշակի սառնության պատճառ էր դարձել:

 


Տարիներ շարունակ կուտակված մի շարք խնդիրների' փոխվստահության, ջավախահայության խնդիրների, միջազգային հարթակներում միմյանց դեմ քվեարկությունների և այլնի մասին կողմերը պետական մակարդակով խուսափում էին հրապարակային բարձրաձայնել: Նման մոտեցման արդյունքում, սակայն, հանրության մոտ առկա հարցերը պահպանվում էին, իսկ տարբեր խնդիրներ՝ շարունակում էին ստվերել երկկողմ հարաբերությունները:

 


Փաշինյանի այցը Վրաստան, այնուհետև Բախտաձեի այցը Հայաստան կարելի է հայ-վրացական դարավոր հարաբերությունների նոր փուլի սկիզբ համարել, ինչպես նաև հայ-վրացական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու հնարավարություն: Թերևս կարելի է որոշակիորեն հաղթահարված համարել կողմերի միջև առկա, սակայն չբարձրաձայնվող փոխվստահության խնդիրը, որն ուներ ինչպես օբյեկտիվ (օրինակ՝ ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցություն, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ակտիվ փոխգործակցություն և այլն, այնպես էլ սուբյեկտիվ հիմքեր (օրինակ՝ կարծրատիպեր):

 

Այս ամենը բանաձևված հնչեց արդեն ՀՀ վարչապետի ելույթում, որտեղ մասնավորպես ասվում էր. «Վրաստանում ես մեր հարաբերությունների նոր բանաձև առաջարկեցի, որի էությունը հետևյալն է. Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում և մտադրություններում չկա որևէ դավադրություն, նեգատիվ մտադրություն, որևէ սպառնալիք, և հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի և վրաց ժողովրդի գործողություններում ու մտադրություններում չկա որևէ դավադրություն, որևէ սպառնալիք և վատ մտադրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ», Բախտաձեն էլ իր հերթին պատասխան ելույթում փաստեց. «Կարծում եմ, որ այն հարաբերությունները, որ դարերի ընթացքում ձևավորվել են մեր երկու պետությունների միջև, իսկապես կարևոր են:

 

Չէ՞ որ մենք նոր էջից չենք սկսում մեր պատմությունը. դա բազմադարյա պատմություն է, որը զարգացնելու ենք»: Հստակ կարելի է փաստել, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարներն էլ փոխվստահության մթնոլորտ ստեղծելուն ընդառաջ են գնում:
Այսպիսով, եթե փորձենք ամփոփել վարչապետ Բախտաձեի այցը Հայատան, ընդհանուր առմամբ այն կարելի է գնահատել հաջողված՝ վրացական կողմի հետ փոխադարձ վստահության և գործընկերային մթնոլորտի հաստատման, կուտակված խնդիրներին անդրադառնալու տեսանկյունից:
#Georgia #Armenia