Այսօր պաշտոնական այցով Երևան կժամանի Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ:

Հայաստան–Վրաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների լուրջ վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ Վրաստանն աստիճանաբար վերածվում է թուրք–ադրբեջանական տանդեմի ուղեծրում գտնվող, Աբխազիայի ու Հվ.Օսիայի խնդիրների պատճառով հակառուսական, վառ արևմտամետ'ԵՄ, ՆԱՏՕ ձգտող երկրի, ինչը հայ–վրացական սահմանը'Հարավային Կովկասում լուրջ պատերազմական գործողությունների պարագայում կարող է վերածել «բաժանարար գծի», ինչը չի կարելի ոչ մի պարագայում թույլ տալ։

Վրաստանի հայամետությունը, ՀՀ–ի հետ բարեկամական հարաբերությունները'հիմնված խորը տնտեսական ինտեգրացիա, քաղաքական երկխոսության վրա Երևանի համար պետք է դառնան ռազմավարական առաջնահերթություն ։

Վրաստանի ակտիվ ներգրավվումը Դաշինքի հետ սերտ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ, Վազիանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը, վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում՝ՀՀ-ի ու ՌԴ-ի սահմանակից շրջաններում հանգեցնելու են ՌԴ-ի պատասխան արձագանքին: ՌԴ-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարվում է Մոսկվայի համար ռազմական սպառնալիք՝դրանից բխող համապատասխան քայլերով:

Հարավային Կովկասում ՌԴ-ի միակ ռազմա-քաղաքական դաշնակիցը ՀՀ է, ում տարածքում Մոսկվան ռազմական ներկայություն ունի և ռուսական կողմը փորձելու է ՀՀ-ի շնորհիվ ավելացնել իր ռազմական ներկայությունն այդ տարածաշրջանում, ինչպես նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործոններն ուժեղացնելով թույլ չտալ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ: Մոսկվան երբեք թույլ չի տա Դաշինքի սահմանների ընդլայնումը մինչև իր անհանգիստ ու ռազմավարական առումով գերկարևոր Հյուսիսային Կովկաս:

ՌԴ-ը ուժեղացնելու է Աբխազիայում գտնվող իր ռազմակայանը թե ՀՕՊ ուժերով՝նորագույն զինատեսակներով, ինչպես նաև ծովային բաղադրիչը՝Օչամչիրայի ռազմաբազայում տեղակայելով լրացուցիչ ուժեր՝սուզանավեր, ռազմանավեր, ինչը թույլ կտա իրականացնել Վրաստանի սևծովյան ափի վերահսկողությունն ու ծովային բլոկադան:

Ղրիմում գտնվող ուժերի մի մասը այդ պահին կարող են հասնել օգնության: Մյուս կողմից Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Հարավային Օսիայում նույնպես գտնվում են ռուսական զորքեր, վրաց-հարավօսական և աբխազա-վրացական սահմանները հսկում են ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը:

ՀՀ-ը, որպես ՌԴ-ի դաշնակից ու ՀԱՊԿ-ի անդամ պետք է հնարավորինս զերծ մնա Հարավային Կովկասում նոր բաժանարար, կարմիր գծերի առաջացումից՝ՌԴ-ՆԱՏՕ բախումից, սակայն դա կլինի բավականին դժվար, հաշվի առնելով նաև ՌԴ-ՀՀ միասնական ՀՕՊ համակարգն ու Մոսկվայի հնարավոր ցանկությունը զորքեր տեղակայել նաև հայ-վրացական սահմանին:

ՀԱՊԿ-ՆԱՏՕ նոր բաժանարար գծերի առաջացումը կարող է հանգեցնել նրան, որ հայ-վրացական հարաբերությունները սկսեն կրել ոչ թե ռազմավարական, բարիդրացիական բնույթ, այլ ՀՀ-ը իր հյուսիսում ունենա մի նոր՝հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի առկայությունը, հակառակորդ երկիր, ինչի մասին երազում են Անկարայում ու Բաքվում՝խզել հայ-վրացական բարեկամական կապերն ու Վրաստանը մաս դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ռազմավարությանը Հարավային Կովկասում:

Երևանը պետք է Վրաստանի հետ իրականացնի նոր, էներգետիկ-տրանսպորտային, խոշոր տնտեսական համատեղ նախագծեր, Թբիլիսիին ցույց տա, որ չի դառնալու հակավրացական պլացդարմ Հարավային Կովկասում ու Թբիլիսին չպետք է զգուշանա, թե հարավից հարված կստանա, սակայն դա պետք է արվի այնպես, որ Վրաստանը հավաստիացնի, երաշխիքներ տա, որ ղարաբաղյան նոր պատերազմի պարագայում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում՝սահմանակից է ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին, Երևանը հարված չի ստանա, Թբիլիսին կկարողանա վերահսկել այդ շրջանի ադրբեջանցիներին, ինչպես նաև Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթծով թուրքական զորքեր, ռազմամթերք չի տեղափոխվի ղարաբաղյան ճակատ:

 

Արտյոմ Բալասանով