Սեպտեմբերի 4-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Հերմինգերը նախատեսել է այցելել Հայաստան, այնուհետև՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջան։ Այցի հիմնական նպատակն է քննարկել արցախյան հարցը և գտնել դրա լուծման եղանակները։

Ադրբեջանական կողմին ավելի շատ հետաքրքրում է, թե արդյոք Հերմինգերը Հայաստանից հետո կայցելի Արցախ ու ինչ նպատակ դա կհետապնդի։ Նրա Արցախ կատարվելիք այցը կախված է նաև Փաշինյան-Պուտին հանդիպումից, կապված այն թեմաների հետ, թե ինչ կքննարկեն երկու երկրների ղեկավարները:

Ադրբեջանական կողմը նաև պնդում է, որ գլխավոր քարտուղարի Արցախ այցելության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ ու դա պետք է ներառվի Հայաստան կատարած այցի արձանագրության մեջ։

Իրականում ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանից Արցախ այցելություն կատարելու համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը իհարկե թույլատվություն չի վերցնի ադրբեջանական կողմից, քանի որ հայկական կողմը դա թույլ չի տա։

Սակայն սեպտեմբերի 8-ին նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպումը կարող է մեծ ազդեցություն ունենալ ԵԱՀԿ քարտուղարի հետագա գործողությունների վրա, քանի որ Հերմինգերը ղեկավարում է այն կառույցը, որը անմիջապես ներգրավված է այդ տարածաշրջանի հակամարտության կարգավորման մեջ, իսկ Պուտինի և Փաշինյանի հանդիպումը կարող է մի շարք հարցեր առաջացնել կամ լուծումներ տալ որոշակի հարցերի։