Հարգելիներս,
«Սուր անկյուն» հաղորդաշարի վերջին թողարկման ընթացքում անդրադարձ կատարվեց թունաքիմիկատների շուկայում առկա հիմնախնդիրներին։ Ամբողջությամբ կիսելով բոլոր մտահոգությունները՝ շտապում եմ տեղեկացնել, որ ներկայումս բոլոր մարզերում իրականացվում են ստուգումներ թունաքիմիկատների իրացման մի շարք կետերում, իսկ թողարկման հիման վրա կիրականացվի նաև դիտարկում բոլոր այն իրացման կետերում, որոնք գրանցված են ՍԱՏՄ տնտեսվարող սուբյեկտների բազայում։
Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ միայն 2018 թ․-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվել են 273 առևտրային անվանմամբ պեստիցիդներ Չինաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Մեքսիկայից և մի շարք այլ երկրներից։ Ընթացիկ տարում պետական գրանցման է ենթարկվել 68 նոր առևտրային անվանմամբ պեստիցիդ։ Հենց այս պահին ևս մեկ ապրանքային անվանում գտնվում է գրանցման փուլում, իսկ ներմուծված խմբաքանակը՝ մաքսային պահեստներում։
Շնորհակալություն հայտնելով հաղորդաշարին հետևողական աշխատանքի համար՝ երաշխավորում եմ, որ նույնքան հետևողական իրացման ցանցից դուրս են բերվելու չգրանցված թունաքիմիկատները, որոնք ՀՀ տարածք ներմուծվել են ապօրինի ճանապարհով, և ապօրինի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվելու է համապատասխան մարմիններին։
Իհարկե, բոլոր խնդիրները մեկ օրում չեն լուծվի, բայց ունենալու ենք լուծումների աննախադեպ արագություն։