Այսօր «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդեց, որ սեպտեմբերի 8-ին կայանալու է Փաշինյան-Պուտին հանդիպումը: Ավելի վաղ նախապատրաստվող հանդիպման մասին լուրը հաստատել էր Լավրովը: Սպասվող հանդիպման ինտրիգն ու կարևորությունը հենց նրանում է, որ Լավրովը ոչ միայն հաստատել էր, այլև, ըստ էության, ուրվագծել էր, թե ինչ հարցեր են արծարծվելու հանդիպման ժամանակ, ու այդ հարցերը բնավ էլ Փաշինյանի սրտով չեն:
Լավրովի դիվանագիտական պատասխանի «վերծանությունը» պարզ հուշում է այն մասին, որ Փաշինյանին կանչում են, այսպես ասած, на ковер, ու օրակարգում լինելու է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը չփոխելու ու Հայաստանում թափ հավաքող ռեպրեսիաների հարցը: Կարելի է երկար վիճել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ռուսները բավարար հիմքեր ունեն, որ կասկածեն Փաշինյանին, որ նա պատրաստվում է կտրուկ աշխարհաքաղաքական մանյովրների ու ռուսների գլխից թռնելու, ունե՞ն բավարար հիմքեր՝ համարելու, որ Հայաստանում շարունակվող վենդետայի ցունամին ոչ միայն ՀՀ ներքին գործն է, այլ նաև հարվածում է ՌԴ շահերին, բայց փաստն այն է, որ Լավրովի պատասխանից այլ բան չի բխում, ու Ռուսաստանի դիրքորոշումը հենց այդպիսին է:
Սրա մասին են նկայում նաև բազմաթիվ այլ զարգացումներ, որոնք վրիպում են հանրության ուշադրությունից՝ պարբերաբար փակվող Լարսը, սառեցված ներդրումները, Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձը, Քոչարյանի հարցազրույցները ռուսական մեդիաներին... Մի խոսքով՝ բերածս հիպոթեզի օգտին խոսող փաստերն անթիվ ու անհամար են, իսկ այ այն կեցվածքը, որ որդեգրել են իշխանությունները, ու որը խորհրդանշում է, որ մենք իբր ոչ մի խնդիր չունենք ռուսների հետ, ոչնչով չի հիմնավորվում՝ բացի այդ իշխանությունների բանավոր հավաստիացումներից:
Այս ամենի ֆոնին առավել քան մտահոգիչ էին Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա պարզաբանումները: Փաստացի, կա՛մ Փաշինյանը, ինչպես ինքն էր սիրում կրկնել, չի տիրապետում իրավիճակին, կա՛մ էլ փափուկ բարձ է դնում գլխներիս տակ: Այլ կերպ անհնար է մեկնաբանել այն փաստը, որ Պուտինի շնորհավորանքը, որը զետեղվում է Կրեմլի կայքում, հետո մեկնաբանվում է Պեսկովի կողմից, հետո պտտեցվում է Ռուսաստանի առաջատար մեդիաներով, Փաշինյանը մատուցում է որպես զուտ միջանձնային տիրույթի հարց, իսկ Լավրովի աներկբա ակնարկին, որ Հայաստանում իրավիճակը եռում է, և իրենք մտահոգություններ ունեն ՀՀ կողմից ստանձնված պարտվորությունների և քաղաքական ձերբակալությունների մասով, պատասխանում է կատակով, թե բա՝ հա, էս վերջերս Հայաստանում շոգ էր:
Նման, կներեք կտրուկությանս հարմար, բայց ինֆանտիլ մեկնաբանությունները Փաշինյանի կողմից ոչ մի լավ բան չեն հուշում: Ես մտավախություն ունեմ, որ նրա այսպիսի ռեակցիան առնվազն անհիմն ու իռացիոնալ բրավադայի դրսևորում է, իսկ առավելագույնը՝ հողի նախապատրաստում նրա, որ ամսի 8-ին Փաշինյանը պատրաստվում է անցնել հայ-ռուսական հարաբերությունների Ռուբիկոնն ու բաց առճակատման մեջ մտնել Մոսկվայի հետ: