Թուրքիայում մեկնարկում են «ԹուրԱզ Բազե-2018» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
Թուրքիայի Կոնիա նահանգի 3-րդ հիմնական ավիաբազայի տարածքում մեկնարկում են թուրքական ու ադրբեջանական օդուժերի համատեղ զորավարժությունները։
«ԹուրԱզ Բազե-2018» անվանումը կրող զորավարժությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 14-ը։ Այս տեսակի զորավարժություններն անցկացվում են 2015-ից սկսած՝ ամեն տարի։
Հայտնի է, որ Ադրբեջանն այս տարվա զորավարժությանը մասնակցում է ՄիԳ-29 տեսակի երկու և Սու-25 տեսակի երեք ռազմական ինքնաթիռներով։
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները հստակ մեսիջ են ՀՀ-ին ու Արցախին'Բաքուն շարունակում է ամրապնդել իր մարտական պատրաստվածության մակարդակը'ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով'թուրք սպաների խորհրդատվական աջակցությամբ:
Ադրբեջանի համար թուրքական ռազմական դպրոցի փորձն ու գիտելիքները կարևոր են'արցախյան դաշտում դրանք կիրառելու համար: Թուրքիա-Ադրբեջան ռազմական տանդեմը շարունակում է ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնել ՀՀ-ին ու Արցախին'այս ֆոնին ՀՀ-ն պետք է էլ ավելի խորացնի իր ռազմական, ռազմա-տեխնիկական կապերը ՌԴ-ի հետ'չմոռանալով դիվերսիֆիկացնել դրանք ու փորձել ստեղծել հնարավորինս ինքնաբավ ռազմաարդյունաբերական համալիր:
Ռազմական ինքնաբավության պետք է ձգտի նաև Արցախը'հաշվի առնելով Բաքվի հնարավոր հարվածներն ՀՀ-Արցախ սնուցող երակներին'Գորիս-Լաչին և Վարդենիս-Մարտակերտ ճանապարհներին:
Բաքուն ռազմական համագործակցության առումով վարում է բազմավեկտոր քաղաքականություն'զենքեր է գնում ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից'նախկին ԽՍՀՄ երկրներից, ինչպես նաև Իսրայելից, որպես աշխարհում ամենահզոր ռազմական արդյունաբերություններից մեկն ունեցող պետությունից:
Սակայն ռազմական փորձառության առումով ադրբեջանական բանակը համագործակցում է Թուրքիայի հետ'թուրք գեներալներն ու սպաները պատրաստում են ադրբեջանական բանակի տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում հատուկ ջոկատայիններ, փոխանակում են հետախուզական տվյալներ և այլն:
Ադրբեջանը գնում է տարբեր երկրներից լավագույնը քաղելու ռազմավարությամբ'ՀՀ-ն ու Արցախը պետք է հստակ հասկանան, որ Բաքուն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների'հստակ ժամկետները կախված են թե ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակից, թե աշխարհաքաղաքական զարգացումներից: Սակայն ամենակարևորն'ադրբեջանական բանակի պատրաստվածության մակարդակից'լիովին վստահություն զգալով ռազմական առավելության տեսանկյունից նրանք անցնելու են գրոհի'չսպասելով կանաչ լույսի ԱՄՆ-ից, ՌԴ-ից կամ Թուրքիայից: