Գործող իշխանության ներկայացուցիչների հետ ի պաշտոնե զրույցների ընթացքում հաճախ ա հնչում էն միտքը, որ թույլ ընդդիմությունը բոլորովին լավ բան չէ երկրի համար: Էս շեշտադրումն իմ համար շատ էական ա իշխանությունների կողմից գերակայությունների գիտակցման առումով:
Կարևորագույն խնդիրը, սակայն, այդ ընդդիմության վստահելիության մակարդակն ա հանրության լայն շրջանակների մոտ: Ես ցավով եմ արձանագրում, որ գոյություն ունեցող ակամա ընդդիմությունը, ըստ էության, քայլ չի անում այդ վստահությունը վերականգնելու ուղղությամբ, ու միայն կենտրոնացած ա իշխանության նկատմամբ անվստահություն ձևավորելու վրա:
Սա հղի ա էն վտանգով, որ զուտ տեսականորեն հաջողելու դեպքում (ինչը, իմ համեստ կարծիքով, գրեթե անհնար ա) հանրությունն ինչ-որ պահից ուղղակի կարող ա նորից դադարել վստահել որևէ ուժի, ինչը մենք ունեցել ենք տարիներ շարունակ: Նման շռայլություն, անկախ նպատակներից, կարող են իրենց թույլ տալ, օրինակ, քաղաքական հավակնություններ չունեցող Ադեկվադները, ասել՝ համարեք՝ մենք սրիկա ենք, բայց լսեք մեր խոսքը, բայց ոչ երբեք իշխանության գալու հավակնություններով ընդդիմությունը:
Էս առումով, էլի իմ համեստ կարծիքով, անլուրջ են նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդիմության առանցք դառնալու հավակնությունները: Ու իմ գրառման կոնտեքստում դա բոլորովին պայմանավորված չէ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իմ վերաբերմունքով կամ իր անձով: Պարզապես դա, իմ սուբյեկտվ կարծիքով, ի սկզբանե պարտված տարբերակ ա, ինչը բացառում ա վստահելի ու ուժեղ ընդդիմություն ունենալու հեռանկարը: Վստահ եմ՝ սա նաև գիտակցում են Քոչարյանին որպես հնարավոր առանցք դիտարկող ուժերը:
Ըստ այդմ՝ գուցե տարօրինակ հնչի, բայց ես ծանր չեմ տանում այն տեղեկությունները, որ Հանրապետականը ոչ հրապարակայնորեն սատարելու ա «Լույս» դաշինքին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Ես գիտեմ, լավ տեղյակ եմ, որ Հանրապետականում կան բավական առողջ ու չվարկաբեկված մարդիկ: Էդ մարդկանց դաշնակցումը «Լույս» դաշինքի առանցք հանդիսացող ուժերի՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ կարող ա որոշակիորեն վստահելի ընդդիմության ձևավորման հեռանկար ստեղծել:
Բոլոր ուժերին մաղթում եմ առողջ մրցակցություն, ու թող դրա արդյունքում հաղթեն Երևանը, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, այդ հանրապետությունների քաղաքացիները: