Անգելա Մերկելի Ադրբեջան այցի իրական նպատակները տարբերվում էին ԶԼՄ-ներում տարածվող տեղեկություններից: Մինչ Գերմանիայի կանցլերը սկսում էր իր ճանապարհորդությունը, այդ ընթացքում տարածվում էին տարբեր տեղեկություններ, այդ թվում նաև միջազգային մամուլում, թե կոնկրետ Ադրբեջան Անգելա Մերկելը ինչի համար է գնում: Գրեթե բոլոր ԶԼՄ-ները տարածում էին, որ Մերկելը գնում է ադրբեջանական գազի հետևից ու ցանկանում է այն մտցնել գերմանական շուկա:

Սակայն արդեն այցի ժամանակ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ ադրբեջանական գազը իրենց համար մի քանի անգամ ավելի թանկ է , քան ռուսականը, այդ պատճառով կարիք էլ չկա քննարկելու այդ գազը Գերմանիա հասցնելու ճանապարհները:

Իրականում, ավելի շատ հավանական է, որ Մերկելը Ադրբեջան էր այցելել բիզնես համագործակցությունը ամրապնդելու նպատակով: Գերմանացի մի շարք բիզնեսմեններ գործունեություն են ծավալում Ադրբեջանում: Ավելին, այս օրերի ընթացքում Գերմանիայից Ադրբեջան են այցելելու մեծ պատվիրակության անդամներ, ովքեր հանդիպումներ են ունենալու ադրբեջանցի խոշոր բիզնեսմենների հետ: Օգոստոսի 31-ին Գյանջա քաղաքում կազմակերպվելու է ադրբեջանա-գերմանական բիզնես ֆորում, իսկ Մերկելի այս այցը մեծ նշանակություն կունենա, այդ ֆորումի ընթացքում տարբեր համագործակցությունների համար: