Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում կտրվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության  պատգամավոր Լենա Նազարյանը։

Նա մասնավորապես գրել է․

 

«Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հանրային լսումների ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարտավորվեց մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ հատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին: Նիկոլ Փաշինյանը չհասցրեց դա անել: 

Այսօր ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և ես շրջանառության մեջ դրեցինք «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն»: