«Սասնա ծռեր» կուսակցությունը, որը առաջիկայում սկսելու է գրանցման գործընթաց, ունի ծրագրային կետ՝ ազատվել նախկին ռեժիմի «բաստիոնից»՝ Ազգային ժողովից, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը։
Նաև առաջարկում են կոնկրետ քայլեր կիրառել ռուսական «գաղութատիրությունից» ազատվելու ուղղությամբ։
«Օրինակ՝ սկզբի համար Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին փոխարինել ՀՀ սահմանապահներով, ազգայնացնել ռուսական պետական կամ պետականամերձ կապիտալին հանձված ռազմավարական օբյեկտները, ազգային վերահսկողություն ստանձնել դրանց նկատմամբ, դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, դուրս գալ այլ պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, առհասարակ, արևմուտքի, ինչպես նաև Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ նախկինից մնացած ռուսաստանագերակա արտաքին հարաբերությունների ձևաչափից ու մեկնարկել դրանց հետ հայաստանագերակա գործընթաց», - հայտարարեց Ավետիսյանը։
Երևանում սկսում են հնչել շատ վտանգավոր մեսիջներ' Մոսկվայի արձագանքը կարող է լինել շատ կտրուկ ու ոչ համարժեք' ՌԴ-ի համար ՀՀ-ում ռազմական, քաղաքական և տնտեսական ներկայությունն ունի ազգային անվտանգության գերակայություն: ՌԴ-ի սահմանապահների հեռացումը նախ հարվածելու է ՀՀ-ի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը' Թուրքիան չի հարձակվում ՀՀ-ի վրա ոչ թե այն պատճառով, թե զգուշանում է ՀՀ-ի ռազմական ներուժից կամ միջազգային արձագանքից, այլ մեկ պարզ պատճառով' Արաքսի վրա կանգնած են ռուսական զորքեր, թուրքերը հեռադիտակով տեսնում են ՌԴ-ի դրոշ:
ՀՀ-ի վրա հարձակվելու համար նրանք պետք է նախ ոչնչացնեն ռուսական զորքերը, իսկ դա երրորդ համաշխարհային պատերազմ է' ՆԱՏՕ-ի անդամ երկրի հարձակում միջուկային գերտերություն ՌԴ-ի վրա:
Բացի այդ, ռուսական զորքերն ապահովում են Երևանի ու Արցախի թիկունքը' հակառակ պարագայում ՀՀ-ի զինված ուժերը պետք է պատերազմեն երկու ճակատով' հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական, ինչի մարդկային, զինված, ֆինանսա-տնտեսական ռեսուրսներն այս պահին ՀՀ ցավոք չունի:
Բացի այդ, ՌԴ-ի զորքերի դուրսբերման պահանջը ոչ բարեկամական քայլ է' 180աստիճանով արտաքին քաղաքականության փոփոխություն' ՌԴ-ի պես երկրի հետ այդպիսի խաղեր չեն անցնում' այդպիսի քայլերը հստակ ունենալու են կոշտ հետևանքներ' Ղարաբաղի կորուստ, հայոց պետականության կորուստ' թուրքական զորքերի հարձակման պարագայում Երևանի վրա, տնտեսական' ազգությամբ հայ աշխատանքային միգրանտների արտաքսում ՌԴ-ից դեպի ՀՀ-ն' սոցիալական ու տնտեսական պայթունի կհանգեցնի ՀՀ-ում, ինչպես նաև տնտեսական պատճամիջոցներ ՀՀ-ին դեմ' Վերին Լարսի փակում հայ արտահանողների համար' դա կհանգեցնի տնտեսական կոլապսի:
ՌԴ-ի զինանոցում առկա են բազմաթիվ, տասնյակի հասնող հնարավոր քայլեր' ռուսական զորքերի դուրս բերման պահանջը կյանքի կոչելու դեպքում:
ՌԴ-ի զորքերի, բիզնեսի' տնտեսական ներկայության, հեռուստաալիքների' ինֆորմացիոն ներկայության չեզոքացումը կբերի առաջին հերթին ՀՀ-ի ազգային անվտանգության թուլացման' թուրքական զորքերն այժմ Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում են' նրանք դեմ չեն լինի լուծել հայկական հարցը, ռուսական կապիտալի դուրս բերումը ՀՀ-ից կհանգեցնի զանգվածային գործազրկության, իսկ հեռուստաալիքների փակումը կհանգեցնի հումանիտար և այլ կապերի խզմանը:
Պաշտոնական Երևանի դիրքորոշումը չի համընկնում որոշ քաղաքական ուժերի հայտարարություններին' կարևոր է պահպանել հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակն, այդ թվում ռազմա-քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում: