Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Արմավիրի մարզի Ապագա գյուղում ծնված Հովսեփը ԶՈւ-ում ծառայել է 2006-ից։ Նա կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ավարտելուց հետո տեղափոխվել էր Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ թշնամին անցնում է լայնամասշտաբ հարձակումների, Հովսեփը շտապում է դիրքեր, որպեսզի իր զինվորների կողքին ու նրանց հետ պայքարի թշնամու դեմ։
Հովսեփ Կիրակոսյանը գնդակների տարափի տակ զինվորներին թողնում է խրամատներում և անձամբ նետվում մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնում և նռնակով պայթեցնում հակառակորդի զինվորներին։ Զինվորները նրան խրամատ են տանում, բայց, չդադարող կրակոցների պատճառով, չեն կարողանում դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայում է․ «Տղե՛րք, ես լավ եմ, Դուք կռվե՛ք...»: