Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակահեղափոխության» վերաբերյալ.

Նախորդ գրառումս, լրատվամիջոցի մանիպուլացիոն վերնագրի և այլ պատճառներով, ներկայացվել է, որպես «հակահեղափոխական գրառում»:

Հետագա շահարկումները բացառելու նպատակով հրապարակավ ներկայացնում եմ դիրքորոշումս՝

1. Նիկոլ Փաշինյանի անձին վերաբերվում եմ հարգանքով՝ հաշվի առնելով նաև նրա կենսագրությունը, ինչպես նաև ընտանիք ինստիտուտին, կրոնին, երկրի բնական պաշարների պահպանությանն ուղղված Ն.Փաշինյանի մոտեցումները:

2. Որպես քաղաքացի անհանգստացած եմ Նիկոլ Փաշինյանի թիմում գտնվող որոշ անձանց արկածախնդիր կեցվածքից և նույն որակի խորհուրդներից:

3. Որպես փաստաբան անհանգստացած եմ փաստաբանների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքից, նրանց նկատմամբ թույլ տրվող վիրավորանքներից և այլ բնույթի ճնշումներից:

4. Որպես քաղաքացի անհանգստացած եմ այլակարծությանը վիրավորանքներով, սպառնալիքներով և հայհոյանքներով արձագանքելու դրվածքից:

5. Ես և շատ հայրենակիցներ, հուսով ենք, որ սիրո և համերաշխության կարգախոսի ներքո իրոք կկառուցվի ավելի լավ երկիր, քան երեկ էր:

6. Ես և շատ հայրենակիցներ մեր երկրի զարգացումը տեսնում ենք ԸՆՏԱՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ և ԲԱՆԱԿ կարևոր ինստիտուտների պահպանման պայմաններում:

Անցումային արդարադատության վերաբերյալ դիրքորոշումս բացառապես իմ անձնական կարծիքն է և հրապարակային ներկայացրել էի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թիմը այս տեսակետից էլ խնդիրը դիտարկի (եթե հարմար կգտնի այլ կարծիք քննարկել): Բոլորս լավ գիտենք, որ հավերժ երկրային իշխանություններ չկան, ամեն ինչ փոփոխական է: Բայց չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ հաջորդ իշխանությունն էլ փորձի այսօրվա իշխանության ժամանակ տեղի ունեցածը հիմնովին քանդի և փորձի նորը կառուցել:

Այո, պետք է վերացնել նախորդ ժամանակահատվածում տեղի ունեցած անօրինականությունները, բայց դա պետք է անել իրավական ճանապարհով: Մեր երկիրը չի կարող իրեն այլ շռայլություն թույլ տալ: Չմոռանանք նաև ներդրողների մասին, որոնց համար բացի շատ այլ հանգամանքներից, հետաքրքրում է նաև կայունությունը:

Այնպես, որ ես, որպես ՀՀ քաղաքացի, ելնելով նաև իմ և մյուսների երեխաների համար լավ ապագա ապահովելու շարժառիթից, Նիկոլ Փաշինյանի բոլոր լավ նախաձեռնություններին օժանդակելու եմ, իսկ վնասակար նախաձեռնություններին փորձելու եմ բարեկամական քննադատությամբ անդրադառնալ:

Այս փուլում, կարծում եմ պետք է փորձել վերացնել Նիկոլ Փաշինյանի համակիրների (մեծ մասը կեղծ օգտատերերի) հայհոյանքների և վիրավորանքների դրվածքը այլ կարծիք ունեցողների հասցեին: Տիեզերական փոխադարձության օրենքի համաձայն, ամեն ինչ վերադառնում է: Նախորդ իշխանությունը հնձեց իր ցանածը, իսկ այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հայհոյանքի փոխարեն սեր ցանել, իսկ վիրավորանքի փոխարեն՝ համերաշխություն:

Հ.Գ. Նախորդ իշխանությունների ժամանակ էլ իշխանությունների բացասական գործողությունները հրապարակայնորեն քննադատել եմ, այդ թվում՝ փաստաբաններին արդարադատության նախարարությունում գրանցելու կառավարության փորձը, կուտակային պարտադիր կենսաթոշակի օրենսդրական նախաձեռնությանը, Ընտանիքում բռնությունը կանխարգելելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությանը, փաստաբաններին դատական կարգով տուգանելու օրենսդրական նախաձեռնությանը»: