Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված ժողովրդի հետ միասին պատրաստվում է մեծ շուքով նշել իր պաշտոնավարման առաջին 100 օրը: 100 օր, որ աննախադեպ էին իրենց էմոցիոնալությամբ, իրենց սրությամբ, իրենց ռիսկայնությամբ ու անկանխատեսելիությամբ:


Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հենց սկզբից շեշտը դրեց ներքին քաղաքականության, մասնավորապես՝ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի վրա՝ արտաքին քաղաքականության առնչությամբ նշելով, որ շարունակելու են նախորդ իշխանությունների վարած արտաքին քաղաքական գիծը: Սակայն անգամ անմեղության կանխավարկածը շատ հաճախ խախտող ներքաղաքական աղմկոտ բացահայտումների, ԱԱԾ դիմակավորված օպերացիաների ու հանրությանը մատուցված «բացահայտված» միլիոնավոր դոլարների ֆոնին եղան նաև քայլեր ու հայտարարություններ, որ լրջագույն վտանգի տակ կարող են դնել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը: Եվ խոսքն այստեղ բնավ անձամբ Փաշինյանի կողմից արված հայտարարությունների մասին չէ (ինչը լրիվ առանձին քննարկման թեմա է), այլ բոլոր նրանց, ովքեր այսօր զբաղեցնում են բարձրաստիճան պետական պաշտոններ, կամ ովքեր ներկայացնում են Փաշինյանի անմիջական շրջապատը:
Հարվածի տակ հայտնվեցին թե՛ Ռուսաստան-Հայաստան, թե՛ ԵՄ-Հայաստան հարաբերությունները, վտանգավոր շեշտադրումներ եղան հայ-ադրբեջանական բանակցությունների և ղարաբաղյան խնդրի առնչությամբ:


Իրենց սկանդալային նշանակությամբ աչքի ընկան մի քանի հայտարարություններ, որոնց շարքում անգերազանցելի են առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ Մոսկվայում հնչեցրած խոսքերը ղարաբաղյան հակամարտության, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցները հայ-ռուսական հարաբերությունների մասին, Արսեն Խառատյանի շեշտադրումները կրկին արցախյան համատեքստում և այլն: Իրականում ցանկը դեռ շատ կարելի է շարունակել:


Նախ անդրադառնանք առաջին տիկնոջ սկանդալային մեկնաբանություններին ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Մոսկվայում հայտարարելով «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ տիկին Հակոբյանը նշել էր, որ իրենց նախաձեռնության նպատակը հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ հավելելով. «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։ Կարծում եմ ավելորդ է ասել, թե ինչ կշիռ ունեն երկրի առաջին դեմքի կնոջ կողմից հնչած բառերը՝ անկախ լսարանից ու տեղից: Ի դեպ, հենց սրանով էլ Աննա Հակոբյանը փորձում էր հետագայում արդարացնել իր խոսքերը: Մի բան հստակ է՝ եթե առաջին տիկինը որոշում է խոսել երկրի համար կենսական կարևորություն ունեցող թեմաների մասին, ուրեմն այդ խոսքերը պիտի նախապես լավ մշակված, դրանց ռիսկերը գնահատված ու նպատակները հստակեցված լինեն: Դրա համար պարոն Փաշինյանն ունի խորհրդականներ, օգնականներ, հաստիքային և համագործակցող տարբեր փորձագետներ ու վերլուծաբաններ: Դրանցից մեկն էլ թերևս պարոն Արսեն Խառատյանն է, ով ներկայիս կառավարությունում ղարաբաղյան խնդրի «գիտակներից է»:


Չնայած… Արսեն Խառատյանն ինքը կարծես դեռ լիարժեք չի գիտակցում, որ իր խոսքն արդեն հնչում է ոչ թե որպես անկախ վերլուծաբանի, այլ որպես երկրի առաջին դեմքի խորհրդականի խոսք: Կարծում եմ բոլորիս է հասկանալի, թե ինչ տարբերություններ է սա ենթադրում և այն էլ այն դեպքում, երբ հայտարարվում է, որ պահպանվելու է նախկինում որդեգրված արտաքին քաղաքական գիծը: Այս համատեքստում առնվազն տարօրինակ է, որ վարչապետի խորհրդականը Սիվիլնեթի եթերում հայտարարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ժողովրդավարացման անհրաժեշտության մասին: Եվ ընդգծվում է, որ խոսքն այստեղ քաղաքացիական հասարակության մակարդակի, այսպես կոչված Track 2-ի մասին չէ, այլ բուն բանակցային գործընթացի:


Իրականում առաջին հայացքից թվում է, թե որևէ վատ բան չկա ասվածի մեջ, թող հասարակությունները տեղյակ լինեն, թե ուր են գնում բանակցությունները, ինչի շուրջ են ծավալվում և այլն: Սակայն պարզ է չէ, որ նման ճանապարհով երբեք հնարավոր չի լինի գալ հանգուցալուծման: Հասարակություններից և ոչ մեկը պատրաստ չէ գնալ զիջումների առանց վերջնական պատկերը տեսնելու: Իսկ վերջնական պատկեր այդպես էլ չի լինի, եթե յուրաքանչյուր բանակցային կետ բաց տեքստով տրվի հասարակությանը: Սա թերևս Նիկոլ Փաշինյանի հայտնի մտքի շարունակությունն է, այն մտքի, որ ողջ ժողովուրդը պիտի որոշի մեր զիջումների սահմանը, այնպես, ինչպես որոշեց, թե ով է լինելու երկրի վարչապետ: Իրականում այս մոտեցումը ժողովրդավարության հետ որևէ կապ չունի, սա պատասխանատվությունից խուսափելու, պատասխանատվությունը ժողովրդի վրա գցելու փայլուն փորձ է: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Այս ամբողջ պայքարը, իշխանափոխությունը զուտ նրա համար էր, որ ունենանք վարչապետ, ով կպայքարի կոռուպցիայի դեմ ու վերջ: Մնացած կարևոր հարցերը կլուծի ժողովուրդը: Ուղղում՝ Հանրապետության հրապարակում հավաքված ժողովուրդը:


Սկանդալային մտքերի ու ելույթների շարքը ամբողջական չէր լինի իհարկե առանց Անվտանգության խորհրդի քարտուղարի: Արմեն Գրիգորյանը, ով մինչ պաշտոն զբաղեցնելը հայտնի էր իր բացառապես պրոարևմտյան հայացքներով ու հակառուսական ելույթներով, Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո մեծ ջանքեր գործադրեց ցույց տալու համար, որ ինքը «պրոհայկական» գործիչ է, ոչինչ չունի Ռուսաստանի դեմ: Այս ջանքերի արանքում երբեմն կորցրեց անգամ զգոնության աստիճանը, անելով հայտարարություններ, որ առնվազն զավեշտալի էին: Մասնավորապես, ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում, խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին, պարոն Գրիգորյանը Հայաստանի շահը բացատրեց նրանով, որ ՆԱՏՕ-ի ծրագրերին մասնակցում է նաև Ադրբեջանը, և Հայաստանն այդպիսով տեղեկանում է, թե ինչպես է պատրաստվում ադրբեջանական բանակը, ինչը կօգնի Հայաստանին ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Այստեղ կարծում եմ մեկնաբանություններն արդեն ավելորդ են:
Իրականում, ինչպես արդեն նշել եմ, նման ոչ ադեկվատ հայտարարություններ անող պաշտոնյաների ցանկը կարելի է շարունակել, եթե ներքին քաղաքականությանն էլ անդրադառնանք՝ էլ ավելի: Սակայն նպատակը նրանց անուն առ անուն հիշելը չէ: Նպատակը նոր կառավարության 100 օրը հնարավորինս սթափ ու կշռադատված գնահատելն է: Վարչապետի ու կառավարության գործառույթը չի սահմանափակվում երկրի ներսում ԱԱԾ «մասկի շոուներ» կազմակերպելով, երկիրն ունի նաև արտաքին գործընկերներ, տարիներով մշակված կապեր ու ձևաչափեր, որ չի կարելի, անթույլատրելի է պարզապես ջնջել: Այս համատեքստում անհնար է չնշել նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանք առաջադրելը, ինչը լուրջ հարված է թե՛ կառույցին, թե՛ կառույցում ունեցած Հայաստանի դերին ու հեղինակությանը:


Արտաքին քաղաքականության մեջ նման բարդ իրավիճակում ոչինչ չանելն էլ գրեթե հանցավոր անգործություն է, իսկ նման ձեռագրով ու ոճով անելը… չգիտեմ, սրան անուն արդեն չունեմ:

 

Գրիգոր Սաղաթելյան