Հարգելի՛ հայրենակիցներ, Շիրակի պետական համալսարանի և հայաստանյան բուհական համայնքի հարգարժա՛ն գործընկերներ, իմ շատ սիրելի՛ ուսանողներ, օրինականության ու արդարադատության ապահովմանը կոչված հաստատությունների մեծարգո՛ ներկայացուցիչներ

ՄԱՍ 1

Ինչպես տեղյակ եք, Շիրակի պետական համալսարանի շուրջ տևական ժամանակ ընթացող աղմկալի զարգացումները հանգեցրին մեր օրերի համար «ամենատրամաբանական» արդյունքին՝ նախ՝ բանսարկությունների, ապա և ամենաբարձր մակարդակում կայացված քաղաքական որոշման արդյունքում «նշանակվեց» մեղավոր, և այդ «մեղավորը», պարզվեց, ես եմ, իսկ մեղադրանքի իրական պատճառը՝ ազգանունս, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը։

Վստահ եմ, որ դեպքերի հետագա զարգացումը անխուսափելիորեն լույս կսփռի բուհի նախկին, վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանի և դատախազության ու ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների՝ արդեն ամիսներ տևող «սիրո ու համերաշխության» ձեռքբերման պայմանների շուրջ։ Դեռ առիթներ կլինեն հանդիպելու, խորհելու ու խոսելու, շնորհակալություն հայտնելու ոստիկանության, քննչական ծառայության ու դատախազության այն պարկեշտ աշխատակիցներին, ովքեր, զարմանքից քար կտրած, բարոյապես ճիշտ չեն համարել մասնակիցը դառնալ բեմադրվող այս ցածրորակ ներկայացմանը և փորձել են ամեն կերպ աջակցել ինձ, աջակցել օրինականությանը։ Չեմ բացառում, որ առիթ կլինի նաև խոսելու, գուցե ներկայացնելու անհերքելի ապացույցներ, թե ինչպես էին ոստիկանության Շիրակի մարզային վարչության բաձրաստիճան պաշտոնյաներն ինձ ուղղորդում տալ իրենց ուզած ցուցմունքը, որպեսզի «երկու տարի ստիպված չլինեմ ապացուցել իմ անմեղությունը»։

Մեծ է գայթակղությունը՝ անդրադառնալու հարուցված քրեական գործի բոլոր դրվագներին, խորհրդային լավագույն ավանդույթներով կայացված գիշերային որոշումներին, իմ՝ իբրև «քննությունից թաքնվելուն», ինձ կալանավորելու որոշմանն ու հայտարարված հետախուզմանը, դրա հանրայնացման «սարսափազդու» եղանակին, Կրթության և գիտության նախարարի անհավասարակշիռ արձագանքին և այլն (անճաշակ սերիալ հիշեցնող այս ամենի իրավական ասպեկտներին անդրադարձ կլինի իմ փաստաբանների կողմից)։ Բայց դրա կարիքը ամնեևին չկա, քանի որ իմ մայր համալսարանի աշխատակիցների, համաքաղաքացիների ու ուսանողների, հարուցված գործին քաջածանոթների համար ամեն ինչ պարզ է, պարզ, ինչպես աչքի լույսը․․․ Իմ հետապնդման միակ պատճառը ազգանունս է՝ ՖԱՐՄԱՆՅԱՆ, որով ես միայն հպարտանում եմ։

Այդուհանդերձ, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, հատկապես հարուցված գործի հանդեպ հանրային որոշակի հետաքրքրությունը՝ մի քանի պարզաբանումների ներկայացումը այս փուլում համարում եմ կարևոր։

Ու այսպես՝ տեսեք, թե հանրայնորեն ի՜նչ վտանգավոր հանցագործության համար եմ «նշանակվել մեղավոր», ու որն է իրականությունը, իրականություն, որը, վստահաբար, ավելի հայտնի է այս էժանագին սերիալի դժբախտ պատվիրատուներին, անբարո ռեժիսորներին ու սեփական խղճի հետ գործարքի գնացած որոշ իրավապահներին, քան նույնիսկ ինձ։

ՄԵՂԱԴՐԱՆՔ։ Պարզվել է, որ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու (Անի Հովհաննեսի Սարգսյան) ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Նրանք ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Մագիստրատուրայի ընդունելության համար ռեկտորի հրամանով հաստատվել են առարկայական և ընդունող հանձնաժողովներ: Առարկայական հանձնաժողովի նախագահը հանդիսացել է մասնագիտությունը թողարկող ամբիոնի վարիչը, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ամբիոնի մասնագետները: Առարկայական հանձնաժողովի որոշումը, ըստ կարգի, վավերացվել է ընդունող հանձնաժողովի կողմից, որտեղ ես՝ որպես բուհի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, ի պաշտոնե ընդամենը հանդիսացել եմ հանձնաժողովի անդամ:

Անի Հովհաննեսի Սարգսյանին (ում հաղորդումն ու բացատրությունը «հիմք» են հանդիսացել ինձ «մեղավոր» նշանակելու սերիայում) ես տեսել եմ սեպտեմբերի առաջին կեսին, երբ վերջինս ուզում էր հետ վերցնել իր անձնական գործերը՝ մեկնաբանելով, որ չի կարող մուծել վարձավճարը: Ուսանողների, այդ թվում՝ Անի Սարգսյանի անձնական գործերը գտնվում էին համալսարանի Գիտության և արտաքին կապերի բաժնում, որը գտնվում էր իմ ենթակայության տակ, որտեղ ընդունելությունից հետո, ըստ կարգի, մշակվում էր տվյալների բազան, ապա անձնական գործերը վարձավճարների կտրոնների և ուսանողի հրամանի քաղվածքի ամրացմամբ տրամադրվում էին ֆակուլտետներին:

Անի Հովհաննեսի Սարգսյանի հետ տեղի է ունեցել շատ կարճ զրույց։ Իմ հարցին, թե չգիտե՞ր, որ ընդունվելուց հետո ուսման վարձավճարը պետք է մուծեր, վերջինս պատասխանեց, որ իրենց դեկանն իրեն ասել է, որ պետք չէ մասնակցել ընդունելության առաջին փուլին, այլ դիմել երկրորդ փուլով, սակայն ինքն այդ պահին չի հասկացել, որ երկրորդ փուլով դիմորդները կարող են ընդունվել միայն վճարովի համակարգ: Բնականաբար, ես, հակված լինելով հավատալ ուսանողուհու ասածին և իրեն խնդրելով սպասել միջանցքում, ռեկտոր Վարդևան Գրիգորյանին ներկայացրել եմ խնդրո առարկան: Նույն պահին ռեկտոր Վ․ Գրիգորյանը հրավիրել է Ֆիզդաստիարակության ֆակուլտետի դեկան Արթուր Խաչատրյանին, ով ժխտել է ուսանողուհու կողմից ներկայացվածի իսկությունը: Այդ պահին, բնականաբար, չի եղել որևէ ողջամիտ հիմք՝ հավատալու կամ չհավատալու մեկին կամ մյուսին, առավել ևս, որ աշխատանքային իմ պարտականությունները չէին էլ ենթադրում այդ հարցով գալ որևէ եզրակացության։ Ավելին՝ հաշվի առնելով, որ ընդունելության գործընթացի տեսանկյունից հետքայլ անել հնարավոր չէր, քանի որ առաջին փուլով ուսանողուհին, փաստացի, չէր դիմել, և փակված էին մատյանները, ռեկտոր Գրիգորյանի կողմից եղել է հանձնարարություն՝ ուսանողուհուն փոխանցելու, որ վերջինս վճարը կարող է կատարել մաս-մաս, սակայն ուսանողուհին պաասխանել է, որ այդպես ևս չի կարող։ Դրան ի պատասխան՝ ռեկտոր Գրիգորյանը հավելեց, որ ամեն դեպքում թող ուսանողուհին հետ չվերցնի գործերը, քանի որ գուցե բարերարների միջոցով հնարավոր լինի կարգավորել վարձավճարի խնդիրը, իսկ Անի Սարգսյանը գործը կարող է հետ վերցնել, երբ ցանկանա, եթե ուսվարձի խնդիրը չլուծվի:

Վարդևան Գրիգորյանի կողմից բուհի ռեկտորի պաշտոնը թողնելուց հետո այս պատմությունը, ինչպես շարադրված է, ես ինքս եմ ներկայացրել նորանշանակ ռեկտոր Սահակ Մինասյանին այն նկատառմամբ, որ բուհի բարերարներ լինելու դեպքում Անի Սարգսյանի ուսման վճարի խնդիրը ևս նկատի ունենանք: Սահակ Մինասյանը լսեց և խնդրեց փոխանցել ուսանողուհուն, որ վերջինս հանգիստ լինի, «մի բան կանենք»: Ավելին՝ հաշվի առնելով Սահակ Մինասյանի՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրվանից իմ և վերջինիս ունեցած աշխատանքային լարված հարաբերությունների հանգամանքն ու դրա հրապարակային բնույթը, ինչի մասին տեղյակ էր բուհի ողջ աշխատակազմը, ինչպես առողջ տրամաբանությունն է ենթադրում, ես հազիվ թե անձամբ Սահակ Մինասյանին ներկայացրած լինեի այս ամենը, եթե ինքս որևէ կերպ առնչություն ունեցած լինեի նրանում, ինչում ինձ «մեղավոր» են նշանակել։ Ավելորդ է ասել, որ չեմ հետաքրքրվել և տեղեկացված չեմ եղել հետագայում Անի Սարգսյանի և ռեկտոր Սահակ Մինասյանի շփումների, քննարկումների ու հնարավոր պայմանավորվածությունների մասին։

Հետագայում, երբ իմ և ռեկտոր Սահակ Մինասյանի աշխատանքային լարված հարաբերություններն արդեն դուրս էին եկել բուհի սահմաններից, նմանատիպ բովանդակությամբ մի հոդված տպագրվեց «Առավոտ» օրաթերթում (https://www.aravot.am/2018/05/23/958913/ մայիս 23, 2018), որտեղ բերված էր, իբրև Անի Սարգսյանի կողմից գրված ձեռագիր նամակ-բողոքը, որին հաջորդեց իմ պատասխանը (https://www.aravot.am/2018/05/23/959024/ մայիս 23, 2018): Ես նույն օրը հեռախոսազրույց եմ ունեցել տվյալ ուսանողուհու հետ: Վերջինս միանգամից հուզվեց՝ ասելով, որ հրապարակված ձեռագիր նամակը նույնիսկ իր ձեռքով գրված չէ, իր ձեռագիրը չէ, իսկ ինքը ռեկտոր Սահակ Մինասյանի թելադրանքով ընդամենը կես էջանոց դիմում է գրել վերջինիս անունով՝ բարերարներ գտնելու նպատակով: Ըստ հեռախոսազրույցի ընթացքում ուսանողուհու կողմից ինձ փոխանցված տեղեկության՝ ռեկտոր Սահակ Մինասյանը կանչել է իրեն և թելադրել է գրել, որ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը և դեկան Արթուր Խաչատրյանն իրեն հորդորել են չդիմել առաջին փուլով և խոստացել են կարգավորել ուսման վարձի խնդիրը, ինչը չի արվել:

Համացանցի այսօվա հնարավորությունները, արխիվային նյութերը բոլորին տալիս են հնարավորություն՝ վերհանելու այդ օրերի խրոնիկան, պարզելու, որ այդ նամակ-դիմումը «թխվել» է հենց այն օրերին, երբ բուհում իմ շատ գործընկերների հետ միասին իմ ձայնն էի բարձրացնում՝ պահանջելով բեկանել համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի՝ բուհից ապօրինի հեռացման որոշումները, հանդես էի գալիս ռեկտոր Սահակ Մինասյանի պաշտոնավարման դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը, իսկ վերջինս, ինչպես մամուլի հարյուրավոր հրապարակումներն են վկայում, զբաղված էր բացառապես բանսարկություններ հյուսելու և սեփական կարծիքն արտահայտող աշխատակիցների՝ բուհից հեռացման գործով։ Ավելին՝ այդ նույն «թխված» նամակն էր, որ ռեկտոր Սահակ Մինասյանը, հանելով իր ծոցագրպանից, փորձեց փոխանցել իր հրաժարականը պահանջող բուհի աշխատակիցներից մեկին իր հրաժարականը պահանջելու նպատակով հրավիրված հավաքի առաջին իսկ օրը (http://www.tert.am/am/news/2018/05/05/sahak-minasyan/2678422):

Ու որպես այս ծիծաղելի թրիլլերի մասին վերջին նկատառում․ Անի Սարգսյանը ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ այնուհետև որպես դասախոս աշխատանքի է ընդունվել համալսարանում առանց թեկնածուական ատենախոսության պաշպանության, իսկ վերջինս իր ավարտական դիպլոմը ստացել է առանց վճարելու մի կաթիլ մեղրի պատմության վերածված այդ ուսման վարձը։

Ի՞նչ է պահանջում պարզ ողջամտությունը․ կա՛մ ապացուցել, որ ես որևէ կերպ կապ եմ ունեցել Անի Սարգսյանի փոխարեն մագիստրատուրա ընդունված և տարկետում ստացած տղա ուսանողի հետ, թեկուզև այնպես, որ ես 100 մետր հեռավորությունից ուղիղ կամ որևէ մեկի օգնությամբ կամ միջնորդությամբ երբևէ շփվել եմ այդ տղայի կամ իր ներկայացուցչի հետ, ձեռք բերել ու կյանքի կոչել որևէ պայմանավորվածություն, կա՛մ հայրենի իրավապահները, ի հեճուկս «պետպատվերով մեղավոր նշանակելու» թրիլլերի իրենց գծագրած սցենարի, օրենքի ամենայն խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկեն ինձ վերագրվող մեղադրանքի հիմքում դրված կեղծ տեղեկությունների հեղինակին, իսկ նախկին վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանին՝ կեղծ տեղեկությունների հեղինակին նման արարքի դրդելու համար:

Սա է իրականությունն ու ոչինչ ավելին։ Ու այս ամենի արդյունքում ես նշանակվել եմ «մեղադրյալ», հայտարարվել է հետախուզում ու սեղանին դրված է «հեղափոխությունը զոհեր է պահանջում» կամ «մարդ լինի՝ մեղադրանքը կգտնվի» սկզբունքների թավշյա անհրաժեշտությունը։

ՄԱՍ 2

ՄԵՂԱԴՐԱՆՔ։ Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Առաջին տրամաբանական հարցը, որ բուհական կյանքին ոչ այնքան տեղյակ յուրաքանչյուր մարդու մոտ կառաջանար, հետևյալն է՝ ի՞նչ կապ կամ առնչություն կարող է ունենալ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը «դիպլոմների և դրանց միջուկների» կամ դրա համար ուսանողներից հավաքվող գումարի հետ, ու այս էժանագին թրիլլերի պատվիրատուների սցենարով ինչպե՞ս այն կարող էին կարել ինձ վրա։

Այսպես՝ բարձրագույն կրթության կառավարման գործին կամ անգամ ուսուցիչների ատեստավորման գործընթացին քաջածանոթ շատերը գիտեն, որ հատկապես մարզային բուհերում կային բազմաթիվ բացթողումներ և անճշտություններ դիպլոմների միջուկների՝ բոլոնյան գործընթացով պայմանավորված նոր պահանջներին համապատասխանության առումով։ Լինելով բուհի արտաքին կապերի գծով պրոռեկտոր՝ բոլոնյան գործընթացի շրջանակներում ինձ վրա դրվել էր շրջանավարտներին տրվող դիպլոմների և միջուկների՝ այդ պահանջներին համապատասխան եռալեզվությունն ապահովելու պատասխանատվությունը:

Ահավասիկ, իմ կողմից դեկանատների գործավարների մի քանի ժողովների հրավիրումը նվիրված է եղել ոչ թե գումարներ հավաքագրելուն, ինչպես ազդարարվեց, այլ բոլոնյան գործընթացի պահանջներին համահունչ դիպլոմների ու դրանց միջուկների եռալեզվության պահանջն ապահովելուն: Հավելեմ, որ բուհը չուներ հատուկ բաժին՝ նոր պահանջներին համապատասխան այդ աշխատանքները կազմակերպելու համար (այդ պատասխանատվությունը դրված է եղել նախ կադրերի բաժնի, ապա՝ ուսումնամեթոդական վարչության վրա), ինչպես նաև ուսանողների ակադեմիական տվյալների էլեկտրոնային բազա, և միջուկները լրացվում էին ձեռքով, որտեղ չափազանց մեծ էր սխալվելու հավանականությունը։ Իմ կողմից խնդիր էր դրվել դիպլոմների եռալեզվությունն ապահովելու հետ մեկտեղ ձևավորել ուսանողների ակադեմիական տվյալների էլէկտրոնային բազա։

Ահա իրականությունը՝ ոչինչ ավելի ու ոչինչ պակաս։ Ու պարզվում է, որ ես, պաշտոնական դիրքը օգտագործելով, խարդախությամբ (ավելորդ է ասել, որ ո՛չ անձամբ, ո՛չ միջնորդավորված, երբևէ որևէ մեկից գումար չեմ հավաքագրել՝ իմ կամ որևէ այլ անձի սեփականությունը դարձնելու նպատակով, ինչը խարդախության երևույթի պարտադիր բնութագրիչ է), խաբեության եղանակով չորս տարվա ընթացքում ընդհանուր թվով 3529 շրջանավարտներից «հափշտակել» եմ առանձնապես խոշոր չափսերի գումար՝ 19 409 500 դրամ՝ գործելով քրեորեն պատժելի ծանր հանցագործություն և կատարելով հանրորեն վտանգավոր արարք։

Ինչո՞ւ։ Կրկին, որովհետև ազգանունս Ֆարմանյան է։ Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր։

Հ․Գ․ Այդուհանդերձ, հարուցված քրեական գործի և այս թրիլլերի ամենաանբարոյական մասն այն չէ, ինչ ներկայացրի, և այն չէ, որ այս էպիզոդներով ես եմ «նշանակվել մեղադրյալ»։ Դա, վստահաբար, կանցնի, ու ամեն ինչ իր ճիշտ պատասխանը կստանա նաև դատական կարգով։ Ամենաանբարոյականն այլ բան է․ ոստիկանության Գյումրու Մուշի բաժնում հարուցվելիք քրեական գործի նյութերը նախապատրաստելիս հանրային հնարավոր արձագանքն ու թամաշան կատարյալ դարձնելու համար ռեժիսորները փորձել են հաղորդումներ ու ցուցմունքներ ստանալ առ այն, որ Ապրիլյան պատերազմի օրերին բուհում ուսանողներից գումար է հավաքվել և․․․ յուրացվել։ Բարեբախտաբար, թրիլլերի անբարո պատվիրատուներն ու հլու-հնազանդ կատարողները չեն կարողացել գտնել անբարոյականության իրենց աստիճանի վրա գտնվող որևէ մեկին՝ նման հաղորդում ու ցուցմունք կորզելու համար։