ՀՀ Պն մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր ՊԲ-ում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը, որի առիթով հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի Հանրապետության իր պաշտոնակից Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ-ի հյուսիսարևելյան առաջնագիծ, ծանոթացել «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի կողմից այստեղ իրականացվող ծրագրերին, քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ և հավանական զարգացումներով, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների:
Իրենց ելույթներում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ արդյունավետ մարտական հերթապահության կարևոր բաղադրիչներից են նաև անձնակազմի բուժապահովման համալիր գործընթացները, որոնք առավել բարձր արդյունավետությամբ կազմակերպելու գործին, արդեն մի քանի տարի շարունակ, մեծ աջակցություն է ցուցաբերում «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը' տրամադրելով առաջապահ բոլոր ստորաբաժանումներին առաջին բուժօգնության անհատական և հատուկ մասնագիտական լրակազմեր:
Ծրագրի նախաձեռնողներն էլ վստահեցրել են, որ առաջիկա տարիներին ևս հիմնադրամը կշարունակի գտնվել Զինված ուժերի կողքին և իր գործուն աջակցությունը ցուցաբերել այս կամ այն բնագավառի աշխատանքները առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու գործին: