Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այսուհետ Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են, դա շարքային, սովորական, բնավ էլ հենց այնպես պահի տակ ասված խոսքեր չեն: Դա նշանակում է, որ այդպիսով, ինչպես և նախորդ ամիսներին, շարունակվում է Նոր Հայաստանի՝ նոր որակի սերունդ դաստիարակելու գործընթացը, որը հիմա շատ կարևոր է: Այստեղ արդեն մեկ անձի, մեկ քաղաքական գործչի կամ մեկ առանձին կուսակցության խնդիր չէ, սա արդեն իրոք լրիվ նոր մտածելակերպ կրող և առողջ հոգեբանություն ունեցող սերունդ ունենալու գաղափարն է դրվում: «Հայաստանում պետք է բացառվի ընտրակաշառքով ընտրելը, իսկ ով ընտրակաշառքով ձայն է տալիս՝ նա քանդում է իր երեխայի ապագան»,- ասել է Փաշինյանը:

Հիմա եկեք վերհիշենք, թե ինչ էր կատարվում վերջին տարիներին՝ նախագահական, խորհրդարական, տեղական ինքակառավարման ընտրությունների, անգամ հանրաքվեի ժամանակ: Բոլորն էլ կփաստեն՝ ամեն ինչ ապականվում էր արդեն համարյա «օրինականացված» ընտրակաշառքով, և նախկին իշխանավորներն այդ կեղտոտ գործընթացի մեջ ներքաշում էին հիմնականում երիտասարդներին՝ փող բաժանորղները հենց նրանք էին: Այսինքն, «վերևներն» իրենց մշտական վերարտադրությունն ապահովելու նպատակով՝ կրթում, «մեծացնում» էին զոմբիացված և կառավարելի մի սերունդ:

Փաշինյանը նշում է, որ քաղաքացին ինքը չպետք է թողնի, որ ընտրակաշառք տվողները ներս մտնեն իրենց տուն: Իսկ փողով ընտրություններ կազմակերպողները, նրա խոսքով, պետք է քաղաքականությունից ընդհանրապես դուրս մղվեն: «Փողով ընտրություն կատարելով դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն: Մի թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո էլ գնան այդ թալանած փողերը ծախսեն, որ Ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն»,- ասում է Փաշինյանը: