Այն ինչ հիմա կատարվում է Հայաստանում, տխմարների համար գրված պիես է հիշեցնում, հընթացս գրվող իրավիճակային սցենարով՝ ինչպես կստացվի, ինչպես հարմար է կամ նպատակահարմար…


Ինչքան անհասկանալի, խառը, անտրամաբանական, խառնափնթոր, խաժամուժ, խառնաշփոթ այնքան լավ…Մեկ է քչերն են հասկանում…Հասկացողին էլ բանի տեղ դնողն ո՞վ է…
Հիմարների աշխարհի ոճով, ամբոխահաճո և պարզունակ, սակայն զգացմունքային տեսարաններով հագեցած…Արդարության և արդարացի պատժի պատրանք, համեմված «տուշոնկաներով», շտապ օգնության մեքենաներով, սաշիկներով, հանքաքարերով, գրանտների համար գերակտիվացած բնապահպաններով, զանազան փոքրամասնություններով, աղանդավորներով, Սևանի մտահոգիչ ջրերով, և իհարկե զենք ու զինամթերքների հայտնաբերումներով, մասսայական փսիխոզով…


Այդ ամենի դեսերտը՝ նախկիների բանակից խուսափող «հրաշամանուկների» ծառայության մեկնելու պատրաստակամության վերաբերյալ դիմումներն են, դրանց մասին խոսելիս գրեթե մոռանալով կառավարության ողջ «հրաշամանուկների» չծառայելու փաստը…
Այս ամենն արևելյան շուկա է, ազգաբնորոշ աջաբսանդալ, խորհրդային խոհարարական ուսումնարանի ավարտական կուրսի սովորողի եփած ճաշ… Կուռքի կերտմամբ, միակի ու աննմանի դերակատարմամբ, տիպիկ կռապաշտական ծեսերի ոգով, նրա անփոխարինելիության ոգու թևածումով և ֆետիշացմամբ…Սրբապատկերներով, մոմերով, խանութներով, նարդիներով, բաժակներով,վառիչներով, եղունգներով, օրագրերով, խմիչքներով, զգեստներով, մարմնի ինտիմ մասերն ուտելու առաջարկներով, դաջվածքներով…
Նախկինում էլ մի բան չէինք, խրված էինք կեղտափոսի մեջ ու անհաջող փորձեր էինք անում փոսից դուրս գալու համար…Իսկ հիմա էլ դուրս գալով՝ Բուրատինոյի նման, պարզունակ ու դյուրահավատ գնում ենք «Հրաշքների դաշտ» դրամներն այնտեղ թաղելու և զոմբիացած նրա ծլարձակմանը սպասելու համար….


Մի խոսքով՝ դրամի, երազանքի, հույսի ծլարձակմանը ազգովի սպասելիս…Գոդոյին չէ, բայց նման մի բան…


Բայց ինչպես առակն է ասում. «Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ հո դուրս կգա...»:

 

Ռոբերտ Մելքոնյան