Ուղիղ մեկ դար առաջ այս օրը, 1918 թվականի օգոստոսի 1-ին, Երևանում բացվեց Հայաստանի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի (պառլամենտի)՝ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստը։ Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը ձևավորվել է 1918-ի ամռանը՝ Առաջին Հանրապետության անկախության հռչակումից երկու ամիս անց: Այդ պառլամենտը Հայաստանի պատմության մեջ միակ օրենսդիր մարմինն էր, որը ստեղծվեց ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:

 

Օգոստոսի 1-ի նիստին ներկա է եղել այդ պահին ՀՀ ողջ վերնախավը՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունին, նախարարները, գերագույն սպայակազմը, մշակույթի գործիչներ, հոգևարականներ, դիվանագետներ, բազմաթիվ հյուրեր: Նիստում խորհրդարանի նախագահ է ընտրվում Ավետիք Սահակյանը, որն էլ հանդես է գալիս բացման պաշտոնական ելույթով: Հայաստանի անդրանիկ խորհրդարանում հնչած առաջին խոսքերը հետևյալն են եղել.

 

«Գերագույն Հայոց Ազգային խորհրդի կողմից ես պատիվ ունեմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի Խորհդի և հայտարարել, որ այսուհետև սա է միակ լիազոր մարմինը՝ անփոփոխ իր մեջ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության: Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր, լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում՝ ինքնուրույն քաղաքական և տնտեսական զարգացման: Այս օրը կմնա միշտ հիշատակելի և այն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի սահմաններում գեղեցիկ երազներն ու նվիրական տենչը ինքնորոշման, թեև անհնարին դժվարին պայմաններում»:

 

1918-1920 թթ. Հայաստանի անկախ հանրապետության պառլամենտի նիստերն անց էին կացվում Բունիաթյանի թատրոնի շենքում: Այն գտնվում էր ներկայիս Վ. Սարգսյանի փողոցի, շենք 7 հասցեում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից դեպի ներքև: Խորհրդային տարիներին այստեղ էր գործում արդեն Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը: Այնուհետև 1970-ականների երկրորդ կեսին պատմական այդ շենքը հիմքից քանդվեց և տեղում վերաշինվեց նույն թատրոնի նորակառույցը:


1930-ականների արխիվային լուսանկարում՝ Բունիաթյանի թատրոնի շենքն է:

Фото Ruben Shukhyan.

 

 

Ռուբեն Շուխյան