Թվում է՝ Միացյալ Նահանգները և Իրանը վերջապես կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ինչն, իհարկե, կարևոր է, ոչ միայն առանց այն էլ կրակի վրա գտնվող վառոդի տակառ հիշեցնող Մերձավոր Արևելքի, այլև ողջ աշխարհի համար։
Օրերս ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է Իրանի հետ վերսկսել բանակցությունները, ընդ որում, առանց նախապայմանների։ Այս հայտարարությունը, բնականաբար, մեծ ոգևորությամբ ընդունվեց ոչ միայն Իրանում, այլև ողջ աշխարհում, սակայն շատ չանցած իր հակաիրանական արմատական հայացքներով հայտնի ԱՄՆ պետքարտուղար Մ․ Պոմպեուն հայտարարեց, որ եթե Իրանն ուզում է բանակցությունների սեղան վերադարձնել Միացյալ Նահանգներին, ապա պետք է կատարի հետևյալ նախապայմանները։ Դրանք են՝ ԻԻՀ իշխող վարչակարգի հայացքների փոփոխություն դեպի սեփական ժողովուրդը, տարածաշրջանային քաղաքականության վերանայում և իրական միջուկային համաձայնության կնքում։
Այս հայտարարություններին անմիջապես հետևեց Իրանի արձագանքը։ Նախ եղան հրապարակումներ նույնիսկ մի փոքր զավեշտալի և սարկազմիկ բնույթի վերնագրերով և շեշտադրումներով, մասնավորապես հետաքրքիր էր «ISNA» լրատվականի «Պոմպեուի առաջին պայմանները առանց նախապայմանների բանակցություններ սկսելու համար» վերնագիրը։
Այնուհետև իրանական կողմը պատասխանեց ԱՄՆ-ի նախապայմաններին, բայց ոչ թե ԱԳՆ, այլ ԻԻՀ նախագահի խորհրդականի մակարդակով, այն էլ, ոչ թե պաշտոնական, այլ թվիթերյան գրառումով, որտեղ նշվում էր․ «Ովքեր երկխոսությունը համարում են քաղաքակիրթ աշխարհում վեճերը կարգավորելու մեթոդ, պետք է պարտավորված զգան կատարելու ընդունված պայմանավորվածությունները, պետք է հարգեն իրանցիների իրավունքները, հաղթահարեն թշնամությունը, վերադառնան միջուկային համաձայնագրով ընդունված պարտավորություններին․ սրանք են այն քայլերը, որոնցից հետո կարող են շարունակվել Իրանի և Միացյալ Նհանագների միջև երկխոսությունը»։ Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ Իրանն էլ հայտնեց իր նախապայմանները։
Չնայած նախապայմանների լեզվով խոսելուն և ընդունված բարձր հռետորաբանությանը, այնուամենայնիվ, կարելի է փաստել, որ ամերիկաիրանական հարաբերություններում սառույցը տեղից, կարծես թե, ուզում է շարժվել։
Թեպետ երկու կողմից էլ հնչեցրած նախապայմանների կատարումը անիրական է թվում, այսուհանդերձ, այս իրավիճակն ավելի գերադասելի է, քան ոչինչը, որովհետև երկուստեք գծվեց այն շրջանակը, որի շուրջ կարելի է սկսել բանակցությունները և շարժվել առաջ։