ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը, եթե բովանդակային տեսանկյունից, ընդհանուր առմամբ, հավասարակշռված է, ապա, գոնե, կառուցվածքի կամ ձևակերպման առումով, որոշակի խնդիր կա: Հռչակագրում ասվում է.
«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը(...)։ Այս համատեքստում, մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում ( ...) հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին (...)՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին համապատասխան»։
Իհարկե, այստեղ կա հստակ քաղաքական ենթատեքստ. դա արված է Վրաստանի համար և ընդդեմ Ռուսաստանի, բայց, այնուամենայնիվ, մեզ վերաբերող նշում կա:
Հելսինկյան եզրափակիչ ակտի հղումը թեև որոշակիորեն կոմպենսացնում է տարածքային ամբողջականության մասին հղմանը, բայց, ինչպես նշեցի, խոսքը վերաբերում է կառուցվածքին կամ ձևակերպմանը, որը երբեմն կարող է բովանդակային տեսք ունենալ: Ընդհանրապես, կարևոր է, թե որ ձևակերպումն է առաջինն օգտագործվում. այս դեպքում, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է, հատկապես, որ վերջինս հանդես է գալիս մյուս սկզբունքներից առանձնացված, որից հետո միայն՝ անուղղակի խոսք է գնում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:
Նման դեպքերում «առաջնային և առանձնացված նշումը» խոսքին «հատուկ էֆեկտ» է հաղորդում: Փաստորեն, ընդգծվում է տարածքային ամբողջականության առաջնայնությունը, իսկ մնացածը, ինչպես ասում են, մյուսներին չնեղացնելու կամ, գոնե, սեփական շահերը ոտնահարված չտեսնելու համար ընդունված հղումներ են:
Այս ամենով հանդերձ էլ՝ ձևակերպումները հեշտությամբ վերածվում են «քաղաքական գործիքների» և կիրառվում ըստ նպատակահարմարության: Պարզ է, որ Բաքուն կփորձի օգտվել դրանից՝ հենվելով հենց այն հանգամանքի վրա, որ առաջինը նշվում է տարածքային ամբողջականության մասին՝ ուղղակի և առանձին հղմամբ:
Բայց, դիվանագիտությունը շատ հարուստ գործունեության տեսակ է, և եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել հռչակագրում ամրագրված այն դրույթները, որոնք մեր օգտին են, ապա կկարողանանք չեզոքացնել ադրբեջանական հնարավոր քարոզչությունն այս ուղղությամբ: