Եթե ս.թ. հուլիսի 16-ին Երևանի ավագանին չընտրի Երևանի քաղաքապետ, ապա ՀՀ կառավարությունը սահմանված կարգով իր առաջիկա նիստում՝ ս.թ. հուլիսի 19-ին, պարտավոր է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը՝ միաժամանակ նշանակելով ավագանու արտահերթ ընտրություններ, որը պետք է անցկացվի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում, այլ կերպ ասած՝ ս.թ. օգոստոսի 19-ից 29-ի միջակայքում:
Գոնե իմ պատկերացմամբ, այս պահին որևէ քաղաքական ուժ, այդ թվում և Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը պատրաստ չէ օգոստոս ամսին գնալ ավագանու արտահերթ ընտրությունների, ավելին, ենթադրում եմ, որ այդպիսի սցենար գոնե այս պահին առկա չէ անգամ Փաշինյանի ծրագրերում, չհաշված, որ չի էլ բխում նրա քաղաքական շահերից, թեկուզ միայն այն բանի համար, որ տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացնելու և սպասվող արտահերթ խորհրդարանական ընրություններից առաջ փորձելու են ցույց տալ իրենց ուժերն ու ամիբիցիաները, իսկ դրանք կարող են լինել առավել քան չարդարացված ու չափանզանցված…
Սա նշանակում է, որ օգոստոս ամսին էականորեն նվազում է ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը …
Ավելին, սովորաբար օգոստոս ամսին հասարակության գերակշիռ հատվածը գտնվում է արձակուրդում և քաղաքից դուրս, ինչը նույնպես կարող է էական նշանակություն ունենալ այս հարցում:
Իսկ դա նշանակում է, որ հուլիսի 16-ին կայանալիք ավագանու նիստում ընտվելու է Երևանի նոր քաղաքապետը:
Որևէ սցենար չբացառելով հանդերձ՝ միաժամանակ կարծում եմ, որ քիչ է հավանականությունը, որ Երևանի նոր քաղաքապետը կարող է լինել ԵԼՔ խմբակցությունից, բայց դա չի նշանակում, որ Հանրապետական խմբակցության կողմից առաջադրված ու քաղաքապետ ընտրված անձը, կամ այդ ողջ գործընթացը կարող է դուրս լինել Փաշինյանի վերահսկողությունից:
Քաղաքականության մեջ շատ կարևոր է քաղաքական պայմանավորվածությունը, որը չի կարող բացառվել այս պարագայում…
Այլ կերպ ասած, անգամ եթե Երևանի նոր քաղաքապետը ԵԼՔ-ից չլինի, դա դեռ չի նշանակում, որ նա լինելու է ընդդեմ ԵԼՔ-ի կամ Նիկոլ Փաշինյանի:
Քաղաքական իրողություններն այսօր այնպիսին են, որ չեմ կարծում, թե որևէ ուժի մոտ առկա է անհրաժեշտ ռեսուրս Ն. Փաշինյանի իշխանությանը լուրջ դիմադրություն ցույց տալու համար:
Ինձ համար ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող գործընթացներն ամբողջությամբ վերահսկելի են Ն. Փաշինյանի կողմից:
Վերահսկողությունից դուրս քայլ կարող է լինել միայն այն, եթե Հանրապետականները որոշեն քվեարկել Զարուհի Փոստանջյանի օգտին և նրան ընտրեն քաղաքապետ:
Բայց դա արդեն ֆանտաստիկայի դաշտից է, թեև կխառներ շատերի խաղաքարտերը…
Նորայր Նորիկյան