Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ մի քանի դիտարկում.
1. Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ. սա երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր Ադրբեջանում կայացած ընտրություններից և Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
2. Հանդիպման ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակվել բանակցային գործընթացի և հարակից այլ խնդիրների վերաբերյալ, և, կարծում եմ, 4 ժամը բավարար էր համակողմանի քննարկում ունենալու համար:
3. Բանակցային գործընթացի արդյունավետության համար հայկական կողմը շարունակում է կարևորել այնպիսի գործոնների անհրաժեշտությունն, ինչպիսիք են՝
- խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը,
- փոխվստահության ամրապնդումը,
- լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը,
- զինադադարի պահպանումը,
- ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։
(ըստ էության՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը)
4. Հանդիպմանը ներկայացվել է նաև բանակցային գործընթացին Արցախի իրատեսական ու կառուցողական ներգրավվածության անհրաժեշտությունը, որն ունի էական կարևորություն արդյունավետ բանակցությունների համար: Առավել քան ակնհայտ է, որ առանց Ստեփանակերտի համաձայնության' հակամարտության կարգավորման որևէ փաստաթուղթ չի կարող լիարժեք կյանքի կոչվել:
5. Համանախագահները ձգտում են խթանել վերջին ամիսներին բավական պասիվացած բանակցային գործընթացը, ինչի մասին է վկայում նոր հանդիպման վերաբերյալ ԱԳ նախարարների ձեռք բերած համաձայնությունը: