Սուրբ Գեղարդի հետ կապված սկանդալը ալեկոծել է հայ ժողովրդին թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Տեղի է ունեցել աննախադեպ մի բան՝ քրիստոնեության կարեւորագույն մասունքներից մեկը՝ խաչի վրա Արարչին խոցած գեղարդը, որ համարվում էր Հայ Առաքելական Եկեղեցու սրբագույն մասունքը, մասնատվել է, եւ նրա մի կտորը օտարվել է։ Պաշտոնական Էջմիածինը հերքեց լուրերը, թե Գեղարդի կտորը վաճառվել է, այն ընդամենը նվիրել են Ռուսաստանի ինչ որ քաղաքի քաղաքապետին։ Հետո եկեղեցին լուրեր տարածեց, թե մասունքների փոխանակումը քույր եկեղեցիների մեջ ընդունված պրակտիկա է, եւ արտառոց ոչինչ չի եղել։
Միանգամից անդրադառնանք վերջին բացատրությանը եւ անցնենք խնդրի քաղաքական գնահատականին։ Եթե անգամ մասունքների փոխանակումը բնականոն երեւույթ է, այն մասուքների առեւտրի միջնադարյան մերժված պրակտիկայից է եւ կարող է վերաբերվել միայն համարժեք սրբություններին։ Իսկ հայտնի է, որ ռուսական եկեղեցին այդ կարգի սուրբ մասունք պարզապես չունի։ Մյուս պրոբլեմն այն է, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն մասունքը ոչ թե փոխանակվել է ռուսական եկեղեցու համարժեք սրբության հետ, այլ նվիրատրվել է ինչ-որ ռուս պաշտոնյայի։ Այնպես որ, անգամ այս դեպքում ամեն ինչ չէ, որ մաքուր է ու սուրբ։
Հիմա մի քանի քաղաքական հարցեր.
- Արդյո՞ք երբեւէ հնարավոր էր այդ մասունքը նվիրել Փարիզի, Նյու Յորքի կամ Աթենքի քաղաքապետին։ Քաղաքապետի ռուս լինելը շեշտելով սբ. Էջմիածինը ինդուլգենցիա է ակնկալում թե հայ ժողովրդից, թե նոր իշխանություններից։
Ինչպես հայտնի է, հայ ժողովուրդը ընդգծված հարգանքով ու ակնածանքով է վերաբերվում ամեն ռուսականին։ Վերջին հեղափոխությունից հետո Հայսատանում ակնածանքը Մասկվայի նկատմամբ ավելի է խորացել ի երախտագիտության այն հանգամանքի, որ ռուսները կոշտ չհակադրվեցին մեր սիրո եւ հանդուրժողականության համաժողովրդական արտահայտությանը։ Ավելին, նույն հանգամանքը էապես թուլացրեց հակառուսական տրամադրությունները նաեւ հայկական քաղաքական էլիտայի շրջանակներում, եւ մենք այլեւս չունենք ընդգծված արեւմտամետ քաղաքական միավորներ։ Այս առումով, ռուսներին մասունքի նվիրելու հանգամանքը շեշտելը նպատակ ունի մեղմել հնարավոր հանրային զայրույթը։
Միաժամանակ, Հայաստանի նոր իշխանությունները ընգծված կերպով աշխատում են խուսափել որեւէ հանգամանքում Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելուց, որեւէ խնդրով Ռուսաստանի դժգոհությունը հարուցելուց։ Հայտարության հեղինակները ենթադրում են, որ ռուսներին շեշտելու հանգամանքը երաշխիք է, որ Նոր Հայաստանի կառավարությունը կխուսափի հարցին անհրաժեշտ սրություն տալուց։
- Կրկին անգամ անգամ ապացուցվում է, որ ոչ միայն եկեղեցին անջատ է պետությունից, այլ եկեղեցին կապ չունի հասարակության հետ։ Հասարակությունը չունի եկեղեցու գործունեությունը վերահսկելու որեւէ իրական մեխանիզմ։ Ըստ սահմանման եկեղեցին համայնքն է, մարդիկ, իսկ տարբեր շենքերն ու հարստությունները մարդիկ ստեղծում են իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու համար եւ ոչ թե եկեղեցականների վայելմունքի։
Պատմականորեն այնպես է ստացվել, որ եկեղեցու հայրերը զգալի ինքնավարություն են ստացել համայնքից, սակայն այս եւ հարանման դեպքերը ցույց են տալիս, որ նրանք արդեն ամբողջովին կտրվել են թե համայնքից, թե իրականությունից։ Սուրբ Գեղարդի հետ կապված դեպքը լրացուցիչ անգամ ապացուցում է եկեղեցական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչը եկեղեցին կմոտեցնի ժողովրդին եւ կդարձնի ավելի թափանցիկ ու հաշվետու։
- Կարեւորվում է այս դեպքի վերաբերյալ երկրի բարձրագույն իշխանության գնահատականը։ Խոսքը վերբերվում է ազգային հարստության կորստին՝ կլինի գողության տեսքով, թե նվերի։ Իրականում այստեղ շատ ավելի հնչեղ յուրացում ու ինքնիրավչություն է տեղի ունեցել, քան ԱԱԾ կողմից իրականացված տարբեր նկարահանումների հերոսներից շատերի դեպքում։
Հնարավոր է, որ Սուրբ Գեղարդի դեպքում տեղի չունենան բազմահազարանոց ցույցեր, իսկ մամուլն էլ, տեսնելով իշխանությունների կողմից դեպքի անտեսումը, աստիճանաբար թուլացնի իր ուշադրությունը։ Սակայն սա ազգի պատմությանը, բարոյական համակարգին, եկեղեցի-հասարակության հարաբերություններին վերաբերվող ցցուն օրինակ է, որի վերաբերյալ լռելը կարող է վատ անդրադարձ ունենալ հետագա զարգացումնեևրի վրա։ Սա կոռուպցիայի ոչ պակաս ցայտուն օրինակ է։
Միաժամանակ, այս դեպքում հնարավոր չի լինի գնահատականը տալ ընդհանուր ձեւակերպումներով, անհրաժեշտ է ցուցաբերել կոնկրետ քաղաքական դիրքորոշում։
Աղասի Ենոքյան