Պատերազմի շրջանակներում նախկին դաշնակցի դեմ կռվող Կարմիր բանակին, ինչպես նաև նացիզմի դեմ կռվող այլ ուժերին մեծապես օգնություն էր ցույց տալիս ԱՄՆ-ն իր հայտնի Լենդ-Լիզի նախագծով: Նախագծի շրջանակներում միայն ԽՍՀՄ-ին, ի թիվս այլ մատակարարումների, շուրջ 300-400 հազար միավոր բեռնատար էր մատակարարվել, որոնց հիմնական մասը Ստուդեբեքերներն էին: Անգամ դահիճ Միկոյանն էր ընդունում, որ առանց ամերիկյան օգնության կարմիրբանակայինների առանց այդ էլ ծանր վիճակն ավելի էր ծանրանալու:
«Երբ մենք սկսեցինք ստանալ ամերիկյան պահածոները, ճարպ, ձվի փոշի, ալյուր և այլ մթերքներ, մեր զինվորները նշանակալի կալորիաներ սկսեցին ստանալ: Եվ ոչ միայն նրանք: Ինչ-որ բան հասնում էր նաև թիկունք: Կամ, օրինակ, ավտոմեքենաների մատակարարումը: Որքանով որ հիշում եմ, կորուստները չհաշված՝ մենք ստացել ենք այդ ժամանակվա համար բարձրակարգ 400 հազար Ստուդեբեքերներ, Ֆորդեր, Ուիլիսներ: Մեր ամբողջ զորքը փաստացի հայտնվեց անիվների վրա: Արդյունքում բարձրացավ դրա մանևրականությունը և հարձակման տեմպը»: