Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն բացառապես էլեկտրոնային: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` նշելով, որ այս միջոցով կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, եւ տնօրենները հնարավորություն չեն ունենա լիցենզիայով թույլատրվածից  ավելի թվով աշակերտ ընդունել:

«Որոշ տնօրեններ իրենց թույլատրված սահմաններից ավելի աշակերտներ են փորձում ընդունել առաջին դասարաններ, եւ ակնհայտ է դարձել, սա նաեւ համակարգային խնդիր է: Հիմա ընթացիկ հարցերը փորձում ենք լուծել, բայց հաջորդ տարվանից կունենանք համակարգային լուծում, այն է՝ այլեւս որեւէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների ընդունելության հետ: Կլինի առցանց համակարգ՝ կայք. սեպտեմբերից առաջին  դասարանցու ծնողը կմտնի տվյալ կայք, կբացի կոնկրետ դպրոցի էջը, եւ այնտեղ գրված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար: Դիցուք, կլինի 38 տեղ, ծնողն իր անունը եւ երեխայի անունը կլրացնի, այնուհետեւ տնօրենները կիրականացնեն ընդունելություն»,- ասել է նախարարը: