Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արցախում այսօր մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Շահմարի Աթանեսյանը մահացել է հիվանդության պատճառով, որը կապ չունի նրա ծառայության հետ։
«Հարգելի լրատվամիջոցներ, այսօր ԶՈւ-երում մահացած պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, հիվանդության պատճառով: Այս տեղեկատվությունը համարում ենք անհրաժեշտություն, որպեսզի զերծ մնանք հետագա շահարկումներից»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել էր, որ հունիսի 29-ին' ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը' լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարվածություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: