Այս պահին պետության համար առաջին խնդիրը բանակային կարգապահությունն է, ՊՆ հրամանատարական կազմում իսկական մարտական, փորձառու, ժամանակակից զենքերից և տակտիկայից խոր գիտելիքներվ օժտված գեներալների ներգրավումը, վերազինումը նորագույն զենքերով և ամենօրյա զինավարժությունները․․․

 

Ի տարբերություն ապրիլի, այսօր թուրքական բանակի զինվորներն են կանգնած սահմանի այն կողմում, որոնք իրենց փորձն ու գիտելիքները ձեռք են բերել ՆԱՏՕ-ի կազմում․․․ Չնայած Կասպից, Միջերկրական կամ նույնիսկ տիեզերքից արձակված մի քանի հրթիռներով կարելի է փոխել ցանկացած մարտի ելքը, և սա խոսում է այն մասին, որ անմտություն է այսօր մեծախոսությունը ոչ միայն մեզ համար, այլև հակառակորդի․․․

 

Սա նշանակում է, թե որքան կարևոր է պետության կողմից իրականացվող քաղաքականությունը․․․ Նրանք, ովքեր չեն կարողանում պատկերացնել, թե ինչ հզորության են տիրապետում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի և Չինաստանի բանակները, պետք է հասկանան, որ դա իրենց անձնական խնդիրն է, բայց երբ նրանք փորձում են իրենց ծանծաղամտությամբ քաղաքականություն պարտադրել պետությանը, դա արդեն վերաճում է ազգային խնդրի, իսկ այդ մարդկանց համար՝ անձնական ողբերգության․․․

 

Ցանկացած պետության կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը այն բացառիկ միջոցն է, որը հնարավորություն է տալիս ոչ թե խուսափել պատերազմից, այլ նաև ժամանակ շահել բանակն էլ ավելի հզորացնելու համար, քանզի բոլոր ժամանակներում պատերազմները ընդամենը եղել են ժամանակի հարց․․․ Ընդհանրապես, պետությունն իր արտաքին քաղաքականությումբ պետք է կարողանա ստեղծել իրեն ձեռնտու հանգամանքներ և քաղաքական իրավիճակ, և հենց դա էլ ցույց է տալիս, թե ինչով են զբաղված պետության գործիչները և ինչքանով են ընկալում պետության առջև ծառացած խնդիրներին․․․

 

Պետական գործիչը իրավունք չունի խաբել հասարակությանը և շարունակ խոսել խաղաղությունից։ Ինչպես խաղաղությունը, այնպես էլ պատերազմը մարդկային գոյության ձևեր են։ Խաղաղություն լինում է միայն մի դեպքում, երբ պետությունը ցանկացած պահի պատրաստ է երկարատև ու լայնածավալ պատերազմի․․․