«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Վերցնենք մեր հայրենակցին, որը Չելյաբինսկում ասֆալտ է փռում և ստանում է ամիսը 1000 դոլար: Նա դեմ չի լինի նույն աշխատավարձով աշխատել հայրենիքում, բայց նրա կարիքն այստեղ առայժմ չկա: Վերադառնա իր դատարկված գյուղը (սովորաբար արտագաղթածների այդ կոնտինգենտը մարզերից է), ինչո՞վ զբաղվի: Գումարած դրան՝ երեխաները հայերեն խոսում են, բայց չեն կարդում, իսկ թոռները ոչ խոսում են, ոչ էլ կարդում: Նրան, ինչպես և բոլորիս, ոգևորել է այն լուրը, որ գեներալ Մանվելին ձերբակալել են, բայց նման ոգևորությամբ նա դժվար թե կարողանա ընտանիք պահել: Գումարած դրան՝ պետք է նախևառաջ ապահովել Հայաստանում ապրող գործազուրկ ասֆալտ փռողներին և հետո միայն հրավիրել Հայաստանից գնացածներին: Բայց մնացածների մասին նույնպես արժե մտածել: Ինձ թվում է՝ պետք է նախևառաջ փոխել սփյուռքի նախարարության անունն ու գործառույթները: Եթե մենք այստեղ 2 միլիոն ենք, իսկ Հայաստանից դուրս ապրում է 10 միլիոն հայ, էլ ի՞նչ «սփյուռք»: Կառույցը Իսրայելի օրինակով պետք է կոչվի «հայրենադարձության և աբսորբացիայի» նախարարություն կամ նման մի բան: Եվ խնդիր պետք է դառնա հենց հայրենադարձությունը, նախևառաջ վերադարձն այն մարդկանց, որոնք Հայաստանից են գնացել վերջին 25 տարիների ընթացքում»: