Վերջապես այս օրը եկավ, երբ մի շարք պատգամավորների (արդեն նախկին)՝ ադրբեջանական լոբբիի «հերոսների» համար ցմահ փակ է Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն։
Զեկույցում նշվում է, որ պատգամավորներին կաշառելու գործընթացները կազմակերպել են ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովը և Էլխան Սուլեյմանովը: Նրանք նույնպես ցմահ զրկվել են ԵԽԽՎ մուտք գործելու իրավունքից։
Ագուստին Կոնդե, Ալան Դեստեքս, Կարին Շտրենց, Գորան Լինդբլադ, Տադեուշ Իվինսկի և այլն. կարդում եմ անունները և ժպտում․ սրանք մեր պատվիրակության (տարբեր տարիների) աշխատանքային, այսպես կոչված, «սև ցուցակի» պատվավոր անդամներն են, մարդիկ, ովքեր անթաքույց պաշտպանել են Ադրբեջանի ցանկացած հոդաբաշխ և անհոդաբաշխ զառանցանք։
Իլհամին թվում էր, թե սեփական երկրի կեղտը կհաստատվի նաև Եվրոպայի խորհրդում, բայց տեսաք, հարգարժաններ, ժողովուրդը չի սխալվում՝ ստի ոտքը կարճ է։
Հիշո՞ւմ եք, կար ժամանակ, երբ Հեյդարի որդու թեթև ձեռքով և նրա հավատարիմ վկաների ջանքերով Լուկա Վոլոնտեի միայն անունը ելույթում հիշատակելու համար կարելի էր զրկվել ձայնի իրավունքից և հրապարակային պարսավանքի ենթարկվել, իսկ հիմա նա այլևս պերսոնա-նոն-գրատա է Եվրոպայի խորհրդում։
Իհարկե, դեռ կան ծպտյալներ, բայց սա հրապարակային դաս է բոլորի համար։
Շնորհավորում եմ և շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս աշխատանքում ունեն անգամ մի փոքր լումա։
Ադրբեջանի անվերջ դիմակների հավաքածուի գլխավորներից ևս մեկը պատռվեց։ )))
Նաիրա Կարապետյան