Հիշում եք, դեռ ամիսներ առաջ բոլորը վրդովված էին, թե ինչպես կարող էր Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին պատկերող, մեղմ ասաց, ոչ լավագույն գործը անսպասելի կերպով հայտնվել մրցույթում հաղթած հուշարձանի կարգավիճակում՝ առանց հանրային լայն քննարկման և համապատասխան մասնագետների կարծիքները լսելու: Նաև արձանի տեղադրման վայրի առումով շատ մեծ վերապահումներ եղան՝ այն բացարձակ սխալ էր ընտրված, քանի որ այդ դեպքում անխնա քանվում էր մեկ այլ հուշարձան՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի գեղեցիկ հուշարձանախումբը: Սակայն ամեն ինչ ավարտվեց, երբ արձանը և տեղադրման վայրը քաղաքապետարանի ավագանու նիստում փետրվար ամսին արագացված կերպով հաստատվեց ՀՀԿ խմբակցության կողմից:

 

Եվ ահա, երբ երեկ Քաղաքաշինության պետական կոմիտեն հորդորեց դադարեցնել Արամի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները՝ բոլորի մոտ վերջապես հույս արթնացավ, որ ինչ որ բան այս հարցում համենայն դեպս հնարավոր է շտկել: «Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

 

Սակայն այսօր տեղի ունեցավ անսպասելի մի գործողություն. ի հեճուկս Քաղաքաշինության պետական կոմիտեի երեկվա այդ ճիշտ դիրքորոշմանը՝ բառացիորեն օրը ցերեկով բերվել և տեղադրվել է նույն այդ արձանը՝ նույն այդ վայրում: Կատարվածից հետո Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը (պաշտոնավարում է 2013-ից) լրագրողներին ասել էր, որ արձանը տեղադրվում է իրենց գիտությամբ և համաձայնությամբ: «Ամեն ինչ օրենքով է արված, և մենք շուտով դա կհրապարակենք։ Գաղտագողի ոչինչ չի արվել, ամեն ինչ եղել է հրապարակային, մարդկանց աչքի առաջ։ Վաղուց նպատակադրված, որոշված, արված քայլ է՝ օրենքով, կարգով»,- ասել է նա։ Այս ամենից հետո սակայն տրամաբանական կասկածներ են առաջանում, որ Արամի արձանի այս արագացված տեղադրումը դառնում է արդեն ինչ որ մի հանելուկային և մութ գործընթաց:

 

Ռուբեն Շուխյան