ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակեց կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանձնաժողովը, մասնավորապես, սահմանեց պատժամիջոցներ զեկույցում նշված պատգամավորների հանդեպ՝ տարանջատելով ներկա եւ նախկին պատգամավորներին:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի՝ ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմինը Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացրեց ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ իր զեկույցը։ Զեկույցին անհապաղ անդրադարձավ Վեհաժողովի կանոնակարգի հարցերի հանձնաժողովը։ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակեց կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը։ Մասնավորապես՝ հանձնաժողովը սահմանեց պատժամիջոցներ զեկույցում նշված պատգամավորների հանդեպ՝ տարանջատելով ներկա եւ նախկին պատգամավորներին: Դիտարկվեցին 14 նախկին պատգամավորի գործերը, որոնց թվում են՝ Ագուստին Կոնդեն, Ալան Դեստեքսը, Լուկա Վոլոնտեն, Կարին Շտրենցը, Էլխան Սուլեյմանովը, Գորան Լինդբլադը, Տադեուշ Իվինսկին եւ այլոք»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը:

 

Նա տեղեկացրել է, որ յուրաքանչյուր պատգամավորի դեպքը ուսումնասիրելուց եւ յուրաքանչյուր պատգամավորի կողմից Կանոնակարգի խախտման աստիճանը որոշելուց հետո՝ հանձնաժողովը սահմանեց հետեւյալ պատժամիջոցները՝ պատվավոր անդամի կոչումից զրկում, Եվրոպայի խորհուրդ եւ խորհրդարանական վեհաժողով մուտք գործելու իրավունքից ըմդմիշտ զրկում:

Հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքներն այս ուղղությամբ եւ հետամուտ է լինելու կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի յուրաքանչյուր բացահայտմանը։