ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: «Խոսելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին նա ասաց. «երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ»,-՝ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել հայաստանյան այցելությունից։ Առաջին լուսանկարը նա վերնագրել է. «24 ժամ է՝ Հայաստանում եմ: Հետևեք»:
Այնուհետև նա այցելել է հայկական շուկաներից մեկը, որտեղից կարճ տեսանյութերի միջոցով ցույց է տվել հայկական մրգերն ու բանջարեղենները: Ծիրան համտեսելուց հետո նա ևս մեկ լուսանկար է թողել Instagram-ում՝ գրելով. «Այցելություն շուկա: Լուսանկարում չեն երևում այն համեղ ծիրանները, որոնք կերել ենք: Մենք հայտնի ենք պահածոների պատրաստման գործում: Հայրս սովորություն ուներ ձմեռվա համար բանջարեղեններ պահածոյացնել: Կարծում եմ՝ ժամանակի հարց է, թե ես երբ կսկսեմ»:
Մեկ այլ լուսանկարի ներքո էլ գրել է, որ իր լավագույն ընկերներից մեկը մանկության տարիներին իրեն է նվիրել արծաթից հայկական մետաղադրամ՝ Նոյան Տապանի և Արարատի գեղազարդմամբ։ «Այդ ժամանակվանից սկսած՝ ես այն միշտ պահում եմ ինձ մոտ աշխարհի որ կետում էլ լինեմ»,-գրել է նա:
Թումոյի սաներին ուղղված տեսաուղերձում էլ Ալեքսիս Օհանյանն ասել է, որ ոգեշնչված ու հպարտ է նրանցով: