Արդի աշխարհում առկա հակամարտությունների կարևորագույն բաղադրիչներից են հոգեբանական, քարոզչական ուղղությունները: Տեղեկատվական տեխնոլոգիաների մերօրյա իրականությունում հակամարտային զարգացումների դրսևորման յուրօրինակ մեխանիզմ է հակամարտ կողմերից մեկի առաջնորդի կողմից հակառակորդ կամ մրցակից երկրի հասարակությանը տարբեր միջոցներով դիմելու ոչ այնքան հին պրակտիկան: Հարկ է նշել, որ պատեհ քաղաքական միջավայրի առկայության պարագայում հակառակորդ երկրի հասարակության վրա ազդելու, նրան ուղղորդելու այս մեխանիզը կարող է էական արդյունավետություն ունենալ: Դրա առանցքում, պայմանական շարադրմամբ, հետևյալ բանաձևն է․ «Դուք բացառիկ, վեհ ժողովուրդ եք, բայց արժանի չեք այն կառավարող խմբին, առաջնորդին, որոնք ձեզ իշխում են. մեր խնդիրը ոչ թե ձեր, այլ ձեզ իշխող «չարիք հանդիսացող» իշխանական համակարգի դեմ է»: Ի դեպ, նման գործելաոճը կարող է առավելագույն արդյունավետություն ցուցաբերել հատկապես հակառակորդ երկրում առկա ներքին խնդիրների, ճգնաժամերի և դրանց լուծմանը միտված քաղաքական, հասարակական միջավայրի առկայության դեպքում:
Որպես օրինակ՝ դեռևս 2013թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան New York Times պարբերականում հրապարակած հոդվածի միջոցով դիմել էր ամերիկացի ժողովրդին' նախազգուշացնելով սիրիական հակամարտությանը Վաշինգտոնի ռազմական միջամտության հնարավոր կործանարար հետևանքների մասին: Պուտինի նման քայլին ամերիկյան համարժեք պատասխանը եղել է սենատոր Ջոն Մաքքեյնի հոդվածը ռուսական Pravda.ru լրատվամիջոցում, որում հատկապես ընդգծվել է, որ ռուսներն արժանի են ավելի լավ ղեկավարի:
Հոգեբանական և քարոզչական պայքարի վերոնշյալ բաղադրիչի ամենավերջին օրինակները գրանցվել են Իսրայել-Իրան հակամարտության շրջանակներում: Մասնավորապես, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջին 1 ամսվա ընթացքում արդեն 2 անգամ բարեկամական հարթությունից տեսաուղերձների միջոցով դիմել է Իրանի ժողովրդին: Առաջին ուղերձի միջոցով Նեթանյահուն առաջարկել է Իրանում խմելու ջրի պակասի խնդիրը լուծելու իսրայելական հարուստ փորձը, երկրորդ դեպքում, շնորհավորելով Իրանի ֆուտբոլի հավաքականի՝ Պորտուգալիայի ընտրանու հետ ունեցած փայլուն խաղի կապակցությամբ, նաև հույս է հայտնել, որ ոչ հեռավոր ապագայում ընկերական հանդիպում կանցկացնեն Իսրայելի և Իրանի հավաքականները: Բնականաբար, երկու բարեկամական ուղերձների առանցքում էլ եղել է Իրանում իշխող բռնապետական վարչակարգի մոտալուտ տապալման հույսերը և այդ գործում Իսրայել պետության անվերապահ աջակցությունը բարեկամ իրանական ժողովրդին:
Վերոնշյալի համատեքստում, որքան էլ պարզունակ հնչի, այսուհանդերձ, Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված իրողությունները գործուն հնարավորություն են ընձեռում հակամարտության ընթացքի որևէ փուլում հարևան ոչ բարեկամական երկրների «բարեկամ» հասարակությունների տրամադրությունների վրա ազդելու վերոնշյալ պրակտիկայի կիրառման համար: Տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրը դառնալու բոլոր հնարավորություններն ունեցող Հայաստանը սեփական ժողովրդի լայն աջակցությունը վայելող իր առաջնորդների միջոցով հարևան հասարակություններին հորդորելու, ուղղորդելու աննախադեպ շանսեր ունի, մանավանդ, երբ այդ հասարակությունների բավական ստվար հատված անթաքույց նախանձով է վերաբերվում հայ ժողովրդի միասնությանը, սեփական պետությունը կառավարելու իրավունքը վերադարձնելու անարյուն ու անցնցում շարժման արձանագրած հաջողությանը, ինչպես նաև՝ քաղաքական դերակատարների խոհեմ վարքին: