Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով կարգավորումն այլընտրանք չի կարող ունենալ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարձրագոչ հայտարարություններին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Պատերազմ հրահրելն ու ռազմական ուժը ցուցադրելն անտեղի են, ցավալի, եթե ոչ անհեթեթ: Ներքին սպառման և բանակցային սեղանի համար կիրառվող լեզուների հակասականությունը չի աշխատում: Մենք բանակցային սեղանի շուրջ կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի»,- նշել է նա: