Ինչպես և կանխատեսվում էր, Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռ. Թ. Էրդողանի և նրա գլխավորած դաշինքի արձանագրած հաղթանակից հետո Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի՝ հունիսի 25-ին նախանշված քննարկումը քվեարկության նախօրեին՝ ուշ երեկոյան, օրակարգից հանվել է: Պատճառն այն է, որ իշխող կոալիցիան հրաժարվել է աջակցել նախագծին, իսկ փաստաթուղթը հեղինակած ընդդիմադիր «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը հետ է կանչել այն:

Ի պատասխան «Մերեց» կուսակցության՝ իշխող կոալիցիան հայտարարել է, որ առաջիկայում կներկայացնի խնդրի վերաբերյալ սեփական «այլընտրանքային» օրինագիծը, որում, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց մեծ եղեռնը կբնութագրվի «ողբերգություն» եզրով՝ ի տարբերություն նախօրդ օրինագծերում կիրառված «ցեղասպանություն» եզրի:

Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ՝ դեռևս հունիսի 11-ին, Քնեսեթում «Մերեց» կուսակցության կողմից ներկայացված օրինագծի քննարկումն Իսրայելի ԱԳՆ-ի խնդրանքով հետաձգվել էր՝ Թուրքիայում անցկացվելիք ընտրություններին «Ռ. Թ. Էրդողանի հաղթանակին չաջակցելու» հիմնավորմամբ, մինչդեռ իրական պատճառը, որը տրամագծորեն հակառակ նպատակն էր հետապնդում, դարձյալ «ջրի երես» դուրս եկավ:

Կասկածից վեր է՝ տարածաշրջանում կանխատեսվող հույժ կարևոր զարգացումների ֆոնին Իսրայել-Թուրքիա «գաղտնի սիրախաղը» շարունակվելու է նոր թափով ու դրսևորումներով: