Նախօրեին տեղեկացանք, որ դատի են տվել 1-in. am-ին եւ «Ժամանակ» թերթին, իսկ այսօր Ֆեյսբուքում արշավ է սկսվել «Հրապարակի» դեմ։ Մամուլը Հայաստանում թեւակոխում է նոր՝ բարդ փուլ։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ կառավարությանը հարող մի խումբ անձինք որոշել են, որ կարող են խանգարել «Հրապարակի» աշխատանքը եւ սկսել են ֆեյսբուքյան ստատուսներ գրել, դիմել Ֆեյսբուքի ադմինիստրացիային՝ «Հրապարակի» էջը փակելու համար։ Պատճառը՝ ազատ մամուլի, ազատ խոսքի հանդեպ ատելությունն է, իսկ առիթը, կարծում ենք, երեկվա մեր ֆոտոլուրը, որտեղ արձանագրել էինք, որ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն աշխատանքային ժամին սրճարանում է, ոչ թե աշխատավայրում։

Ֆեյսբուքյան հարգելի ակտիվիստներ, մենք ՀՀԿ-ի ֆեյսբուքյան մարտիկների հարձակումներն ենք տեսել, դիմացել ենք ԲՀԿ-ի «զոմբիների» ֆեյսբուքյան արշավներին, ՊՆ-ի ու ոստիկանության վարձու գրչակների հարձակումներն ենք դիմագրավել, տարբեր օլիգարխների ու նրանց զինված հրոսակախմբերին իրենց տեղը ցույց տվել, անպես որ Նիկոլ Փաշինյանի կառավարության «զոմբիներին» կդիմանանք ու կդիմանանք։ Առանձնապես ջանք մի թափեք՝ իշխանությունն ու նրա «զոմբիները» գալիս են ու գնում, «Հրապարակը» եւ լրագրողները մնում եւ միշտ նույն գործն են անում՝ հասարակության սանիտարի գործը։

Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան եւ մյուսներ, անգամ եթե դուք անմասն եք այս գործընթացներից, սանձեք հեղափոխության արդյունքում «զոմբիացած» եւ չափի զգացումը կորցրած ձեր ակտիվիստներին ու ֆեյքերին՝ նրանք ձեզ արջի ծառայություն են մատուցում։ Նրանց նմաններն էին նախորդների կործանման պատճառը, մի նմանվեք Սերժ Սարգսյանի իշխանությանն ու մի որդեգրեք նրանց մեթոդները։ Դա ճանապարհ է դեպի բռնապետություն։ Ձեզանով այսօր հիացած զանգվածը մի օր կհասկանա, որ մամուլն ավելի կարեւոր դերակատարում ունի մեր պետության կյանքում, քան վաղանցուկ իշխանությունները եւ նրանց նկատմամբ կարճաժամկետ սերը։

«Հրապարակ»